2014 թվականին մահացած ղարաբաղյան պատերազմի վետերան Վարդան Թումանյանի գործով դատավարությունը ձգվում է 2 տարի, և այս պահին այն փակուղի է մտել, քանի որ դատաբժշկական 4 փորձաքննությունները հակասում են միմյանց։
Թումանյանի իրավահաջորդի՝ այրի Տանյա Մելքումյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը Epress.am-ին ասել է, որ դատարանը օգոստոսի 17-ին որոշել է բավարարել նոր դատաբժշկական փորձաքննությունն անցկացնելու մասին իրենց միջնորդությունը։ Մուրադյանն արդեն իսկ իր հարցերն ուղղել է նոր փորձագետին։
Թումանյանի իրավահաջորդներն աբսուրդ են համարում դատական գործում առկա վերջին բժշկական եզրակացությունը, ըստ որի` ազատամարտիկի մահը կապ չի ունեցել դրանից մեկ օր առաջ գրացնված ծեծի հետ։ Թումանյանին ծեծի էին ենթարկել Վիկտոր Հովսեփյանը, Սարգիս Ղուկասյանը և նրանց քեռին՝ Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը: Երիտասարդները եկել են նրան «տեսնելու» նրանից հետո, երբ Վարդանը շախմատ խաղալիս վիճել է իրենց պապի հետ։
Փորձագիտական եզրակացություններից մեկում վարկած է առաջ քաշվել, թե Թումանյանը, գուցե, ունեցել է բնական արատ, ու համընկումով հենց ծեծից հետո է մահացել։
Այդ եզրակացությունը տվել են Առողջապահության նախարարության հրավիրած լրացուցիչ հանձնաժողովային քննությունը կատարած փորձագետները։ Երեք մեղադրյալներն իրենց օգտին եզրակացությունից հետո ազատվել էին կալանավորումից և ստորագրել երկրից չհեռանալու մասին պարտավորագիր։
Այժմ Ջունգլը և Սարգիս Ղուկասյանը կրկին կալանավորվել են, քանի որ փորձել են խախտել չհեռանալու մասին պայմանը։ Տիգրան Մուրադյանը ուրախ է, որ իր միջնորդությունը բավարարվել է և հույս ունի, որ փորձագետների նոր խումբը կլինի անկողմնակալ։
Ավելի վաղ Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել էր, որ նախաքննության փուլում իրենք բազմիցս լսել են պաշտպանական կողմի պնդումները, թե մեղադրյալներին դատել չեն կարող, քանի որ «իրենց մեջքին կանգնած է «Ջավախքը»» (նկատի ունի «Ջավախք» հայրենակցական միությունը)։