Գլխավոր / Բանտ / Եվս մեկ լրագրող կարող է ընկնել Ադրբեջանի ձեռքը. Այս անգամ Ուկրաինայի աջակցությամբ

Եվս մեկ լրագրող կարող է ընկնել Ադրբեջանի ձեռքը. Այս անգամ Ուկրաինայի աջակցությամբ

Ակնկալվում է, որ այսօր Կիևի դատարանը կքննի ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրաթ Հուսեյնովին Բաքվին արտահանձնելու հարցը:

Հուսեյնովը ձերբակալվել է անցած շաբաթվա վերջին՝ Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում՝ Դյուսելդորֆ մեկնելու ժամանակ, ընդ որում, ինչպես հաղորդում է «Ազատությունը», Հուսեյնովն անարգել կարողացել է Ուկրաինա մտնել և խոչընդոտների է հանդիպել միայն երկրից դուրս գալու ճանապարհին:

Ուկրաինայի իրավապահ մարմինները հաստատում են լրագրողի ձերբակալությունը՝ պնդելով, թե նա եղել է Ինտերպոլի կողմից հետախուզվողների ցուցակում:

Պաշտոնական Բաքուն Հուսեյնովին մեղադրում է երկրի սահմաններն ապօրինի հատելու և խուլիգանության համար։

Իրավապաշտպանները, մինչդեռ, պնդում են, թե ընդդիմադիր լրագրողը հալածվում է հակաիշխանական հրապարակումների ու գործող վարչակազմին քննադատելու համար:

Հուսեյնովը Ադրբեջանից հեռացել էր 10 տարի առաջ, երբ նրան առևանգել և դաժան ծեծի էին ենթարկել: Հարձակման մեղավորները մինչ օրս չեն հայտնաբերվել:

Վերջին տարիներին նա, ըստ գործընկերների, Նիդերլանդների քաղաքացիություն էր ստացել, ապրում էր այդ երկրում և համագործակցում էր ընդդիմադիր «Թուրան» հեռուստաընկերության հետ: «Հուսեյնովը հեռուստաընկերության հիմնադրման առաջին օրից աշխատում է մեզ հետ, լրագրությունից բացի զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ», – հայտարարել է «Թուրան»-ի գլխավոր խմբագիր Գանիմատ Զաիդովը՝ մանրամասնելով. – «Անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանցի վտարանդի գործիչները Եվրոպայում հիմնեցին նոր շարժում՝ «Ժողովրդավարություն՝ հանուն Ադրբեջանի», Հուսեյնովը դրա առաջնորդներց է, և հենց այդ պատճառով էլ հիմա հալածվում է իշխող վարչակազմի կողմից»:

Զաիդովը նաև պնդում է, թե Հուսեյնովն ու հարազատները ձերբակալության ժամանակ են միայն իմացել, որ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: «Անցած տարիներին նա հաճախ էր մեկնում Ուկրաինա, պատրաստվում էր այնտեղ «Թուրան»-ի գրասենյակ բացել, և որևէ անգամ որևէ խնդրի չի հանդիպել», – հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը:

«Օրինական ճանապարհով անհնար է ինձ հանձնել Ադրբեջանին, սակայն, տպավորություն ունեմ, որ ինձ ուզում են առևանգել և ուղարկել Բաքու՝ Աֆղան Մուխտարլիի նման», – «Ազատությանն» ասել է Ֆիքրաթ Հուսեյնովը՝ հավելելով, որ իրեն օդանավակայանից սկսած հետևում են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մի քանի աշխատակիցներ: Դեսպանատունը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել այս տեղեկությունը:

«Թբիլիսին չհանձնեց քննությունը, հերթն այժմ Կիևինն է», – հայտարարում են ադրբեջանցի իրավապաշտպանները՝ հիշեցնելով ընդդիմադիր մեկ այլ լրագրողի՝ Աֆղան Մուխտարլիի դեպքը, ում ամիսներ առաջ անհայտ անձինք առևանգեցին Թբիլիսիի կենտրոնից՝ ժամեր անց, առայժմ չպարզված հանգամանքներում, հասցնելով Բաքու: Արդեն շուրջ կես տարի է նա ադրբեջանական բանտում է՝ մաքսանենգության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքներով։

Tekali Taxi