Ադրբեջանում իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ հետապնդումների հերթական ալիքը տեղավորվում է ամբողջ Հարավային Կովկասում իշխանությունների և հասարակությունների միջև հարաբերությունների տրամաբանության մեջ։ Ի պատասխան Epress.am-ի գրավոր հարցերի՝ նման կարծիք է հայտնել է բաքվեցի քաղաքագետ, հասարակական և քաղաքական գործիչ, հայ-ադրբեջանական խաղաղարար գործընթացների ակտիվ մասնակից Զարդուշտ Ալիզադեն։
Հարցազրույցի առիթ է հանդիսացել ադրբեջանական «Հայելի» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունը, ինչպես նաև իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսի՝ ապրիլի 28-ի երեկոյան բերման ենթարկվելու փաստն ու երկրից դուրս գալու արգելքը։ Նշենք, որ Միրկադիրովը մեղադրվում է «պետական դավաճանության» և «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» մեջ։
– Բարև Ձեզ, Զարդուշտ։ Չգիտեմ՝ որքանով է այժմ տեղին պատասխանել նամակների Երևանից, բայց ուզում եմ խնդրել՝ մեկնաբանեք լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբալությունն ու մյուս իրավապաշտպանների բերման ենթարկվելու փաստը։ Ինչո՞վ են դրանք պայմանավորված։
– Ադրբեջանի ակտիվ քաղաքացիների ձերբակալություններն ու ցուցադրական դատական գործընթացները տեղավորվում են հանրությանը ահաբեկելու և իշխող ռեժիմին որևէ դիմադրություն ցույց տալու օջախները ճնշելու ընհանուր ռազմավարության մեջ։ Այդ ռազմավարության կիրառական արժեքի մասին կարճ կարելի է ասել՝ որպեսզի որևէ մեկը չխանգարի թալանել։ Խաղասեղանին մեծ գումարներ են։
– Հասկանալի է, որ այս առիթով Հայաստանից եկող ցանկացած արձագանք պոտենցիալ արջի ծառայություն է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մարդկանց համար․․․
– Ես այդպես չեմ կարծում։ Հայաստանի և Ադրբեջանի պարկեշտ ու խիզախ մարդկանց սոլիդարությունը բավականին արդյունավետ զենք է ազգային շահերը շահարկողների ինտերնացիոնալի դեմ։
– Ինչո՞ւ են այս հետապնդումներն ու ձերբակալությունները սկսվել հիմա։
– Կարծում եմ՝ հարցն այնքան էլ կոռեկտ չէ։ Հարավային Կովկասում այլակարծ ու ակտիվ քաղաքացիներին ճնշելու քաղաքականությունը տեղի է ունեցել միշտ ու հետևողականորեն։ Ուղղակի նկատվում է մի սինուսոիդ՝ կախված իրավիճակից․ ընտրություններ, մեր անկախությանն սպառնացող վտանգի իմիտացիա, և այլն։ Կարծում եմ՝ այս փուլում հետապնդումներն Ադրբեջանում պայմանավորված են իշխանության համար ներկլանային պայքարի մեկնարկի մասին վերևների կասկածներով։ Անմիջապես յուրայիններին հարվածելը վտանգավոր է, հակառակորդները կարող են իշխանության քայքայման իրենց հզոր մեխանիզմները գործի դնել՝ հսկայական գումարներ, ապօրինի ռազմական ջոկատներ, ծախված ընդդիմության ֆինանսավորում, ներքին պայքարին արտաքին խաղորդների ներգրավում։ Ավելի արդյունավետ է կանխարգելման ցուցադրական ակցիաներ անկացնել, որպեսզի ակնարկը հասկացվի։
– Ո՞ւմ են նրանք խանգարում։
– Մասնավորապես, պարոն Միրկադիրովն ու իրավապաշտպանները որևէ մեկին չեն խանգարում, քանի որ նրանք մեջբերման արժանի ռեսուրսներ՝ լրատվական, ֆինանսական, կազմակերպչական, չունեն ու երբևէ չեն ունեցել։ Միակ ռեսուրսը հասարակությունում հայտնի լինելն է։ Ու հենց դա էլ հետապնդումների պատճառն է․ տեսեք՝ նստեցնում ենք հայտնիներին ու անվնասներին, մտածեք՝ ինչ կարող ենք անել ձեզ հետ, որ մինչև ականջների ծայրը կոմպրոմատի մեջ եք ու հանրությանը հայտնի ձեր հանցավոր գործունեությամբ։
– Արևմուտքի արձագանքը որքանո՞վ է ադեկվատ ու արդյունավետ։ Այն ի՞նչ կարող է անել։
– Կա երկու Արևմուտք՝ առասպելական և իրական։ Արևմուտքի առասպելական կերպարը ստեղծվել է խորհրդային մարդկանց գիտակցությունում դեռևս խորհրդային տարիներին։ Այս Արևմուտքը գոյություն ունի ողջ աշխարհում ժողովրդավարությունը պաշտպանելու համար, հատկապես՝ Արևմուտքի պաշտպաններին այնպիսի երկրներում, ինչպիսիք են մերը։ Այս Արևմուտքն ապրում է հանուն վեհ գաղափարների ու սնվում է ամբրոսիայով։ Իրական Արևմուտքը քարոզում է «իրական քաղաքականության» սկզբունքներ ու հմտորեն առավելություն քաղում յուրաքանչյուր իրավիճակից, այդ թվում՝ հայտնի լրագրողների և հասարակական գործիչների անօրինական ձերբակալությունները։ Ինչո՞ւ ճնշում չգործադրել իշխանության վրա ու հերթական նախապատվությունն ստանալ իր սիրելի բազմազգ ընկերությունների համար։ Այնպես որ, սպասեք վրդովված բողոքների ու վճռական չինական հայտարարությունների։ Արևմուտքը շատ բան է կարող։ Հարց է՝ ուզո՞ւմ է։
– Ի՞նչ սպասենք։ Մեզ ինչի՞ են նախապատրաստում։
– Մեզ նախապատրաստում են ամբողջական հնազանդության։ «Դուք, մտնողներ, թողեք հույսերն ամենայն․․․»։ Լավագույն դեպքում, մենք կշարունակենք հետևել շահագործման ու անամոթ գողության և խաբեության տոնին, եթե, իհարկե, չբողոքենք։
– Որքանո՞վ է ադեկվատ ու արդյունավետ գործընկերների արձագանքը։
– Պարկեշտ ու խիզախ գործընկերներից էլ մեկ, երկուսն են մնացել։ Մեր հասարակությունը երկար, հմտորեն ու մեթոդաբանորեն էին կոտրում։ Մի քանի գործընկերներ այս անօրինականությունները քննադատող հոդվածներ գրեցին։ Բայց նրանց ո՞վ է լսում։ Ինքներս գրում ենք, ինքներս՝ կարդում։ Կարդացողներին ամեն ինչ հասկանալի է։ Իսկ չկարդացողներին ոչինչ չի հետաքրքրում։ Ինչպես ասել է «Կալինա կրասնայա» ֆիլմի հերոս Եգոր Պրոկուդինը՝ «Ժողովուրդը պատրաստ է այլասերվածության»։
– Ո՞վ կամ ի՞նչը կարող է փոխել իրավիճակը, ազդել դրա վրա։
– Իրավիճակը կարող է փոխել ժողովուրդն ու նրա ավանգարդը, մշակութային ու խելացի կուսակցությունը։ Հենց այն պետք է ստեղծվի։ Գոյություն ունեցողներն ապացուցել են իրենց անգործունակ լինելը։ «Արևմուտքը մեզ չի օգնի»։
Հարցերն ուղղեց Յուրի Մ․-ն։