«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը 3 օր է հացադուլ է հայտարարել՝ պատշաճ բուժօգնություն ստանալու պահանջով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը։
Բիլյանը ողնաշարի խնդիրներ ունի և պահանջում է իրեն բուժզննության ենթարկել քաղաքացիական հիվանդանոցում։
Հացադուլ հայտարարելուց հետո նրան տեղափոխել են հացադուլավորների համար նախատեսված խուց։ Պաշտպանի խոսքով՝ Բիլյանը ներկայումս ունի գլխապտույտներ և աչքի այրոց։
Չնայած դրան՝ վերջինս այսօր ներկայացել էր «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին։
Հ․Գ․ Նյութի հրապարակումից հետո մեր կայքը Քրեակատարողական վարչությունից պարզաբանում է ստացել, որում նշված է, թե Բիլյանն «ընդամենը երեկ՝ ժամը 21.15-ից է գտնվում հացադուլի մեջ, գանգատվել է գլխապտույտներից»:
«Պնդումներն այն մասին, թե քրեակատարողական հիմնարկն այս հարցով անգործություն է դրսևորում, անհիմն են, քանի որ առաջիկա օրերին Բժշկական աշխատանքային հանձնաժողովը կզննի նրան և անհրաժեշտությամ դեպքում քայլեր կձեռնարկի», ֊ ասված է ՔՎ֊ի հաղորդագրության մեջ: