«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը դեկտեմբերի 29-ին տեղափոխվել էր պատժախուց և այնտեղ հացադուլ հայտարարել, այսօր դուրս է գալու պատժախցից, բայց հացադուլը շարունակելու է։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասաց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Նա նշել է, որ Խանդոյանին տեղափոխելու են հացադուլավորների համար նախատեսված խուց։
«Արայիկ Խանդոյանը հացադուլը չի պատրաստվում դադարեցնել, մինչև չկատարեն իր պահաջները։ Այն է՝ «Սասնա ծռերի» երկու անդամներին (Սմբատ Բարսեղյան և Արմեն Բիլյան) «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելը և Նորքի «զինված խմբի» գործով անցնող մեղադրյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը։ Բացի դա, այսօր նրա պատժախցում մնալու վերջին օրն է։ Խանդոյանն ունի ողնաշարի ցավեր, գլխացավ։ Իր խցում սառնամանիք է։ Բժշկական օգնությունը գալիս է միայն ճնշումն է չափում։ Կա ժամանակ, որ ճնշումը բարձր է, կա ժամանակ՝ ցածր», ֊ ասել է Ղարագյոզյանը։
Փաստաբանի խոսքով՝ իր տեսակցության ժամանակ Խանդոյանին այցելել են նաև ՄԻՊ֊ի ներկայացուցիչները։
«Երբ ես տեսակցում էի իմ պաշտպանյալին, նաև ՄԻՊ֊ի ներկայացուցիչներն էին այնտեղ։ Արայիկ Խանդոյանը նրանց պատմեց, թե առողջական ինչ խնդիրներ ունի, ասաց, որ բժիշկները միայն ճնշումն են չափում։ Բարձրացրեցինք նաև պատժախցում սառնամանիք լինելու հարցը»,֊ ասել է Ղարագյոզյանը։