Կան ուսանողներ, որ Հայաստանում անգամ չեն եղել, բայց ստոմատոլոգների դիպլոմներ են ստացել 15.000 եվրոյի դիմաց: Այս մասին հունվարի 4-ին գրել է պաղեստինական arabyoum.com կայքը։
Արաբական ստոմատոլոգների միության նախագահ, պաղեստինցի Ֆախրի Հասանը կայքին տված հարցազրույցում ասել է, որ ոստիկանները 200 կեղծ բժշկական դիպլոմներ են հայտնաբերել, որոնցից 56-ը տրվել են Հայաստանի բժշկական բուհերից: Դոկտոր Ֆախրի Հասանի խոսքով՝ կան արաբ ուսանողներ, որոնք նույնիսկ Հայաստանում չեն եղել, բայց ստացել են դիպլոմներ:
«Մարդիկ կան մի քանի շաբաթում են դիպլոմ ձեռք բերում, վստահ եմ, որ Հայաստանում կա հանցավոր խումբ, որն անում է այդ գործը։ Հայաստանում կա 3 համալսարան, որ անում է այդ գործը, մեկը՝ պետական, մյուսը՝ մասնավոր, երրորդը՝ ռուսական: Հանցավոր նման խումբ կա նաև այստեղ, նրանց մեջ կան պաղեստինցիներ և սիրիացիներ, նրանք իրար հետ համագործակցում են, Հայաստանից գնում են այդ դիպլոմները: Կան ուսանողները, որոնք սովորում էին Հորդանանում կամ Արաբական ամերիկյան համալսարանում, ձախողվեցին երկրորդ տարվանից, բայց մեկ տարվա մեջ Հայաստանից ստացան այդ դիպլոմը։ Սա վտանգավոր երևույթ է: Ես դիմել եմ Առողջապահության նախարարությանը, սա սխալ, վտանգավոր երևույթ է, նման բան չպետք է լինի և դիմել եմ ոստիկանության, որ ստուգեն փաստաթղթերը, որոնք գնում են Հայաստանի համալսարաններից», ֊ ասել է Ֆախրի Հասանը։
Նա ավելացրել է, որ ամենավտանգավորն այն է, որ այդ մարդիկ ատամնաբուժարաններ են բացել և աշխատում են: