Ռուսաստանին առաջարկում են մինչև 2018 թվականի մարտի 1-ը «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ անցակետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթակայության տակ։ Այս մասին ասված է Ալբերտ Բաղդասարյանի, Արման Մելիքյանի, Դավիթ Սանասարյանի, Եղիշե Պետրոսյանի, Կարապետ Ռուբինյանի, Հովսեփ Խուրշուդյանի և Պետրոս Մակեյանի երեկ տարածած համատեղ հայտարարության մեջ։ Նրանք նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին քննարկում էին կազմակերպել՝ նվիրված Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակիվերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման 25-ամյակին։
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու ծառայության պայմանները սահմանող համաձայնագիրը: Ըստ այդմ, ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հոգածությանը հանձնվելէ Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը։
Հայտարարության հեղինակները նշում են, որ այդպիսով պատմական ծանր մի ժամանակահատվածում Հայաստանն իր դաշնակցին ժամանակավորապես զիջել է սեփական պետական սահմանի երկու հատվածները պահպանելու իր ինքնիշխան իրավունքն ու նաև որոշակիորեն սահմանափակել սեփական պատասխանատվությունը՝ Թուրքիայի և Իրանի հետ լիարժեք ուղիղ և չմիջնորդավորված հարաբերություններ կառուցելու համար:
«Անցած տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է` 1994 թվականին ավարտվել է արցախյան պատերազմի ակտիվ փուլը, իսկ 2009 թվականին դադարեցվել է Վրաստանի անդամակցությունն ԱՊՀ-ին:
Այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ առ այսօր ոչ մի քայլ չեն ձեռնարկել երկրի ինքնիշխանությունն այս մասով լիարժեք վե-րականգնելու և միջազգային հարաբերությունների համակարգում ինքնիշխան երկրին բնորոշ պատասխանատվությունը հավուր պատշաճի ստանձնելու ուղղությամբ: Ավելին՝ տարիներ առաջ ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահ անցակետերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով նախատեսված չէ և կարող է դիտարկվել որպես այս մասով երկրի ինքնիշխանության ապօրինի հանձնում օտար, թեև դաշնակից, մի պետության: Ելնելով վերը ասվածից և առաջնորդվելով ՀՀ պետական ինքնիշխանության վերականգնման հրամայական անհրաժեշտությամբ, նպատակահարմար ենք գտնում առաջարկել ներկայումս ի պաշտոնե այս խնդրի լուծման համար պատասխանատու ՀՀ վարչական մարմիններին`
֊ մինչև 2018 թվականի մարտի 1-ը «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ անցակետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթակայության տակ,
֊ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ռուսական կողմի հետ փոխհամաձայնեցված կերպով իրականացնել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները (այն է` 2019 թվականի ՀՀ պետական բյուջեյում նախատեսել դրա համար անհրաժեշտ գումարները, ինչպես նաև նախապատրաստել և համապատասխան ուսումնական գործընթացներ իրականացնել հայ սահմանապահների շարքերը համալրող զինծառայողների մասնագիտական որակավորումն ապահովելու համար) 2019 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական սահմանի պահպանությունը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու համար: Հայ-իրանական սահմանում մինչ այդ իրենց ծառայությունն իրականացնող ռուս սահմանապահներին ՌԴ ԱԴԾ հրամանատարության հայեցողությամբ տեղափոխել հայ-թուրքական սահման` Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու համար կամ վերադարձնել ՌԴ,
֊ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ուսումնասիրել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայ-թուրքական սահմանի լիակատար վերահսկողությանը հանձնելու հարցը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համատեղ մշակել այդ հատվածում սահմանապահ ուղեկալների հանձնման-ընդունման ժամանակացույցն ու տեխնիկական պայմանները:
Այս խնդրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել ՀՀ 2020 թվականի բյուջեում:
Իրանի հետ ՀՀ պետական սահմանի հսկողությունը ՀՀ ազգային սահմա-նապահ զորքերի տնօրինությանը հանձնելը նպատակ ունի ոչ միայն վերականգնելու Հայաստանի ինքնիշխան պարտավորությունների կատարումը, այլև ամրապնդելու Մեղրիի ռազմավարական շրջանում մեր պաշտպանական հնարավորությունները՝ Նախիջևանի կողմից ադրբեջանական զինուժի հարձակման դեպքում: Այսինքն, հայ սահմանապահ ուժերն այդ հատվածում կդառնան մեր զորքի թիկուն-քապահ ռեզերվը, ինչը ռուս սահմանապահների առջև դրված խնդիրների պարտադիր մաս չի կազմում:
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություն-ներին, քաղաքական ուժերին ու ԶԼՄ-ներին միավորելու իրենց ուժերը հանուն ՀՀ ինքնիշխանության լիարժեք հաստատման գաղափարի իրականացման: Եթե այս խնդրի հետ կապված մեր առաջարկն անտեսվի հասցեատիրոջ կողմից ու մնա անարձագանք, մենք մեզ իրավունք կվերապահենք անցնել բողոքի ակտիվ արտահայտման ակցիաների իրականացման, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մեր հանրությանը», ֊ նշված է հայտարարության մեջ: