հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / «Ընդամենը 17 մահ»․ ՔԿՎ ներկայացուցիչը պատմել է բանտերի բարելավման մասին

«Ընդամենը 17 մահ»․ ՔԿՎ ներկայացուցիչը պատմել է բանտերի բարելավման մասին

Նախորդ տարի Հայաստանի բանտերում մահացել են «ընդամենը 17 անձ», որոնցից 7-ն առողջական խնդիրների պատճառով, 2-ն ինքնասպանություն են գործել։ Այս թվերը «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ հայտնել է Քրեակատարողական վարչության ներկայացուցիչ Տիգրան Սահակյանը։

Նրան դուր չի եկել բանտերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամներ Զարուհի Հովհաննիսյանի և Ռոբերտ Ռևազյանի դիտարկումները, ըստ որոնց՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը պետք է վերանայել, քանի որ լուրջ հիվանդություններ ունեցող անձինք ո՛չ բուժում են ստանում, ո՛չ էլ ազատ են արձակվում․ «Բանտերում, կարծես, սպասում են, որ նրանք մահանան»։

«Դատապարտյալների հիվանդությունը կապել պահման պայմանների հետ, նախարարության անհետևողականության հետ համաձայն չեմ։ 2017 թվականին մահացել է ընդամենը 17 անձ», – նշել է Սահակյանը և ավելացրել, որ միայն անցած տարի 1740 կալանավոր և դատապարտյալ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Նա նշել է, որ 2016 թվականին 26 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 7-ը՝ հիվանդության պատճառով։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պատմել է, որ անցած տարվա վերջին խումբն այցելել է «Աբովյանի» կանանց գաղութ, որտեղ տեղեկացել են մահվան մեկ դեպքի մասին, մի կին էլ վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։

«Խումբը հստակորեն կարծում է, որ այդ մահը և մյուսի առողջական վիճակի ծանրացումը, Արդարադատության նախարության և Քրեակատարողական վարչության ուսերին է», – նշել է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնված կինը հայց էր ներկայացրել պայամանական վաղաժամկետ ազատվելու համար, սակայն չի կարողանում մասնակցել նիստերին, քանի որ ի վիճակի չէ խոսել։

Ռոբերտ Ռևազյանը, անդրադառնալով բանտերի պայմաններին, նշել է, որ 2016-ի և 2017 թվականների միջև այդքան մեծ տարբերություն չկա։ Շարունակում է խնդիր մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման հարցը․ «Տարիներ շարունակ այդպես եղել է, այդպես էլ մնում է»։

Բացի դրանից՝ «Նուբարաշեն»-ի 1-ին հարկն ընդհանրապես բնակեցման ենթակա չէ։ Սակայն, այնտեղ դեռ կան պատժախցեր, հացադուլավորների խցեր․«Դրանք շատ խոնավ, կիսանկուղային խցեր են, որտեղ ցուրտ է, և կան խավարասեր միջատներ։ Այնտեղ մարդկանց պահելն անմարդկային վերաբերմունք է», – ասել է Ռևազյանը։

Վերջինս նշել է, որ շատ մեծ տարբերություններ կան նաև նույն բանտի տարբեր խցերի միջև։ Խցեր կան, որ լավ վերանորոգված են, իսկ որոշները՝ անմխիթար։ Հիմնականում կալանավորներն են իրենց միջոցներով վերանորոգում այդ խցերը։

«Մի կողմից լավ է, որ որոշ կալանովերների բնակության պայամանները բարելավվում են, սակայն խցերի բարեկարգում չի արվում պետական միջոցների հաշվին։ Եվ այս դեպքում խտրականության հարց է առաջանում, էլիտար խցերն են գոյանում, առաջանում է կոռուպցիոն խնդիրների հարց», – ասել է բանախոսը։

Նա նշել է, որ լուրջ պայքար չի տարվում բանտերի ներսի հիերարխիկ հարաբերությունների դեմ վերացման համար․ «Անգամ բանտի աշխատակիցներն ասում են, որ լավ է՝ այդ համակարգը կա, քանի որ դրանով վերահսկողության տակ են վերցնում բանտը»։

Քրեակատարողական վարչության ներկայացուցիչ Տիգրան Սահակյանը ընդունել է, որ բանտերի պայմանների հետ կապված խնդիր իրոք կա։ Նա նշել է, որ փուլ առ փուլ այդ հարցը կլուծվի, դրա համար անհարժեշտ է ժամանակ և ֆինանսական միջոցներ։

Սահակյանը վկայակոչել է «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումը, որը նպատակ ուներ լուծել բանտերի գերբնակեցման խնդիրը։ Սակայն, ինչպես տևական ժամանակ է բարձրաձայնում են դիտորդները, փաստաբանները անգամ նոր բանտի կառուցումը լիովին չի լուծել Նուբարաշենի գերբնակեցման խնդիրը։

Ի պատասխան Ռևազյանը նշել է նաև, որ միայն նոր բանտ կառուցելը լուծում չէ․ «Մենք ոչ թե շեշտը պետք է դնենք անձին պատժելու վրա, այլ հանցագործությունները կանխարգելելու վրա»։