«Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամ արժողությամբ օղի կողոպտելու մեջ մեղադրվող 63-ամյա Նորայր Մելքոնյանը մահացել է: Նրա դին հայտնաբերել են փետրվարի 4-ին Ավանում՝ անվադողերի արտադրամասի տարածքի ճահճաջրերի մեջ՝ մերկ վիճակում։ Այս մասին գրում է Hetq.am-ը՝ նշելով, որ տղամարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Ըստ մեղադրանքի, 2017 թվականի մայիսի 10-ին, Մելքոնյանն, անցնելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով, մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:
«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 ՀՀ դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը` դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը», – ասված է մեղադրանքում:
Ամբաստանյալը նախկինում դատվածություն չէր ունեցել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, նախաքննության ընթացքում, կայքի տեղեկություններով, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել, հայտնել, որ օղին վերցրել է՝ «հաց ուտելիս խմելու համար»:
7 ամսից ավել է` գործը դատարանում քննվել է, սակայն որևէ դատական նիստի չէր հաջողվել ապահովել ամբաստանյալի ներկայությունը:
Վերջինիս մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել: