ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է և պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին։ Այս մասին այսօր ԱԺ֊ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ «հիմնավորելով», թե ինչու Սերժ Սարգսյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, չնայած ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում գործադիրի ղեկավար դառնալ։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին», ֊ 2014 թվականի ապրիլի 10-ին ասել էր Սերժ Սարգսյանը։
Բաղդասարյանի խոսքով՝ ինքը լուրջ է վերաբերվում ՀՀ նախագահի յուրաքանչյուր հայտարարությանը, բայց «պետք է նկատի ունենալ, որ մենք հավակնություններով ու ցանկություններով առաջ չենք շարժվում»։
«ՀՀԿ֊ն այսօր վերցրել է երկրի և ժողովրդի պատասխանատվությունը և նպատակահարմարության դեպքում մենք պետք է գտնենք նպատակահարմար մեկին, ով կարող է այդ ղեկը ստանձնել… Ոչ թե պետք է շարժվենք, թե յուրաքանչյուրը ինչ հավակնություն և ցանկություն ունի։ Տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ֊ի առաջնորդ լինելուց, շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին»,֊ ասել է Բաղդասարյանը։
Արձագանքելով Բաղդասարյանի հայտարարությանը՝ «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվել է՝ արդյոք հետագայում Սերժ Սարգսյանի ցանկացած հայտարարության իսկությունը պարզելու համար պետք է նրանից տեղեկանք վերցնել, թե նա որպես կուսակցության շարքային անդամ այդ հայտարարությունը անելիս այն համաձայնեցրել է կուսակցության հետ և արդյոք կուսակությունը լիազորություն ունի իր հայտարարությունը չեղյալ անելու, թե՝ ոչ։
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է իր հայտարարությունների և կարծիքի մեջ, բայց յուրաքանչյուր պարկեշտ քաղաքական գործիչ պարտավոր է ենթարկվելու քաղաքական որոշումներին», ֊ եզրափակել է Բաղդասարյանը։
Նշենք, որ, համաձայն գործող Սահմանադրության, ապրիլից Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի, որն էլ ենթադրում է վարչապետի դերի մեծացում։ Համաձայն տարածված կարծիքի, իշխող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնին առաջադրելու է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին։