Դանիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Քրիստիան Յուլը Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարար Բրայան Միկկելսենին։ Այս մասին գրում է Հայկական բնապահպանական ճակատը։
Պատգամավորի հարցման մեջ, մասնավորապես, նշված է եղել․ «EFTERTRYK էլեկտրոնային լրատվամիջոցը և ARBEJDEREN օրաթերթն անցյալ տարի հրապարակել են մի շարք հոդվածներ, որոնցում նկարագրված էր Հայաստանում տեղի ունեցող բնապահպանական հետընթաց, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունը՝ ի դեմս Արտահանումների վարկավորման գործակալության (EKF)։ Նախարարներին խնդրում ենք պատասխանել հետևյալին․
Նկարագրել այս դեպքի ընթացքը, և թե ի՞նչ գործողություններ են նախորդել EKF-ի կողմից ֆինանսական ներդրման որոշումը կայացնելուն և ի՞նչ համատեքստում է դադարեցվել նրա մասնակցությունը։
Արդյո՞ք պատրաստվում եք վերացնել Հայաստանում բնական միջավայրի աղտոտման հետևանքները, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունն՝ ի դեմս EKF-ի։ Եթե այո՝ հստակեցրեք, թե ինչպե՞ս։
Արդյո՞ք քննարկման եք դնելու EKF-ին առնչվող օրենսդրությունը խստացնելու հարցը, որպեսզի Դանիայի պետությունը ապագայում նման իրավիճակում չհայտնվի և պատասխանատվություն չկրի պակաս զարգացած երկրներում բնապահպանական և մարդու իրավունքների խախտումների համար։ Եթե ոչ, ինչպե՞ս եք իրականում ապահովելու, որ ապագայում Դանիայի պետությունը պատասխանատվություն չկրի պակաս զարգացած երկրներում բնապահպանական ու մարդու իրավունքների խախտումների համար»։
Իր պատասխանում Բրայան Միկկելսենը նշել է, որ 2012թ․ Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալությանն է դիմել խոշոր սարքաշինական FLSmidth ընկերությունը, որպեսզի գործակալությունը մասնակցի իր սարքերը վաճառելու հարցում աջակցելու։ Թեղուտի հանքն ցանկանում էր սարքավորումներ գնել FLSmidth֊ից և դրա համար վարկ էր խնդրում դանիական կողմից։ Բանակցությունների արդյունքում PensionDanmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը վարկ է տրամադրել ՎՏԲ բանկին՝ Թեղուտի հանքի շահագործման նպատակով, իսկ EKF-ը երաշխավորել է այն։ Վարկը տրամադրվել է պայմանով, որ այն ծառայի դանիական FLSmidth ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերմանը։
Նախարարն ընդգծել է՝ քանի որ հանքը շահագործող ընկերությունը չի պահպանել EKF-ի կողմից առաջադրված միջազգային ստանդարտները, զգուշացումներից հետո 2017թ․ գործակալությունը կայացրել է վարկավորումը դադարեցնելու որոշում։ Նախարարը նշել է, որ բնության վրա թողած հետևանքների պատասխանատվությունը կրում է շահագործող ընկերությունը։
«Այդուհանդերձ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության և Հայկական բնապահպանական ճակատի բողոքով Դանիայում ընթանում է EKF-ի վարկավորման որոշման ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, OECD) չափորոշիչներին համապատասխանության հետաքննություն։ Ինչպես պետական գործակալության, այնպես էլ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի և FLSmidth ընկերության անողջախոհ և անպատասխանատու որոշումները, Հայաստանի քաղաքացիների և հանրային խմբերի կողմից ներկայացված փաստերի անտեսման հարցերը շարունակում են մնալ բնապահպանների օրակարգում», -գրում է ՀԲՃ-ն։
Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանին, ընդգծում է նախաձեռնությունը, ապա ԱԺ֊ն սեփական նախաձեռնությամբ չի դնում ահռելի չափերի հասնող բնության վնասի ու պոչամբարի հետ կապված վերահաս աղետի քննարկման ու լուծման հարցը։
Բացի դա, ԱԺ֊ն անտեսում է Շնող և Թեղուտ համայնքների՝ 2018թ․ փետրվարին իրեն ուղղված ստորագրահավաքը, որով համայնքի բնակիչները պահանջում են կազմել հատուկ խորհրդարանական հանձնաժողով։