Գլխավոր / Եկեղեցի / Այնքան հեշտ է կորցնել այն, ինչը նույնիսկ չենք հասցրել վայելել

Այնքան հեշտ է կորցնել այն, ինչը նույնիսկ չենք հասցրել վայելել

Գեներալ Մանվել Գրիգորյանն է քրիստոնյա։ Ու հավատքի կամ խաչ կրել-չկրելու մասին հարցերը պետք էր ուղղել հենց քաղաքապետ Գրիգորյանին և ստանալ բոլորի կողմից անգիր արված ազգին ու Հայ առաքելական եկեղեցուն պատկանելիության մասին պատասխանը։

Դեռ հիշում ենք երևի և՛ գեներալին, և՛ այն ամենը, ինչից մի քանի ամիս առաջ ազատվելու հետ կապված մարդիկ պարում էին ու աչքալուսանք տալիս միմյանց։

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին արդեն որոշ «փաստեր» ի հայտ են եկել ու, անկախ նրանից՝ բամբասանք են դրանք, թե ոչ, ինքը, չգիտես ինչու, պետք է հերքի այդ ամենը։ Եվ ուղիղ եթերով, ենթադրաբար, «շարքային» քաղաքացիների հարցերին պատասխանելիս, դառնա գեներալ Մանվել, որովհետև մեզ էդպես են սովորեցրել։ Որովհետև մենք մոռացել ենք, որ էդ մարդու անձնական կյանքն ու հավատքն իր անձնական գործն է, որ Էջմիածնի բնակիչներն ընտրել են «չգեներալին» ու, կարծում եմ, պետք է ավելի շատ հետաքրքրված լինեն նոր քաղաքապետի նոր քաղաքականությամբ, գործելաոճով, նպատակներով, ծրագրով, ոչ թե Հայ առաքելական եկեղեցուն պատկանելու կամ խաչ կրելու հարցով։ Ու ոչ թե քննադատել ՀԱԵ «չպատկանելու» համար, ինչը յուրաքանչյուրս ի՛նքն է որոշում, այլ որոշ ժամանակ անց սկսել խոսել կատարված/չկատարված աշխատանքի մասին։

Գեներալ Մանվելն էր քրիստոնյա, Սերժ Սարգսյանն էր քրիստոնյա, ՀՀԿ֊ն է քրիստոնյա հենց այն իմաստով, որին մեզ տարիներով ընտելացնում էին, կարծես, թույլ է տրվում ամեն ինչ, եթե դու այդ ձևական մասը պահում ես ու ասում՝ ես քրիստոնյա եմ, հանկարծ չկասկածեք։ Հա, մեկ էլ հերոս էիք։ Բայց դե, Գասպարյանը «հերոս» չի, էլի․․․ Այն էլ՝ կին։ Փորփրենք, տեսնենք՝ ինչ ֆոտո֊վիդեոներ ենք գտնում, չէ՞ որ մենք դրանից ենք ազդվում, մեզ այլ բան չի հետաքրքրում։ Ու ամենևին էլ կարևոր չէ՝ ճիշտ են այդ զրույցները, թե զրպարտանք։ Փոխանակ հետևողական լինենք ու նորանշանակներից կամ ընտրվածներից աշխատանք ու արդյունք պահանջենք, սովորության համաձայն, շեղվում ենք ու աջակցում «ճշտով քրիստոնյաներին»։

Բարդ է ձերբազատվել ուրիշի փոխարեն որոշելու ցանկությունից։ Երկար ժամանակ մեր փոխարեն են որոշել։ Այդքան էլ հաճելի չէր, ու մարդիկ կարողացան դա ցույց տալ, ստացան ընտրելու ու որոշելու հնարավորություն։ Բայց այս պահին դա բավարար չի։ Իրավիճակն անկայուն է ու այնքան հեշտ է կորցնել այն, ինչը նույնիսկ չենք հասցրել վայելել։

Ալլա Մանվելյան