Home / Եկեղեցի / Հրազդանի ոստիկաններն անչափահասին ուզում էին քրիստոնյա դարձնել

Հրազդանի ոստիկաններն անչափահասին ուզում էին քրիստոնյա դարձնել

Մարտի 23-ի երեկոյան Հրազդանի բնակիչ, 16-ամյա Վովա Դ․-ի տուն են մտել 3 ոստիկաններ և, պատճառաբանելով, որ նա նախազորակոչային տարիքում է ու հերթական ստուգումներ պետք է անցնի՝ առանց ծնողների տարել են Երևան։ Ոստիկանները ճանապարհին փորձել են նրան «ճիշտ ուղու վրա դնել»՝ դարձի բերել դեպի Առաքելական եկեղեցի։ Տղան եզրակացնում է՝ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ ոստիկանները Ֆեյսբուքի իր էջից նախօրոք տեղեկացել են, որ ինքն աթեիստ է։ Epress.am-ի հետ զրույցում Վովան պատմել է դեպքի մանրամասները։

«Ուրբաթ էր, գնացել էի խանութ, երբ արդեն վերադառնում էի, մայրս զանգեց, ասաց՝ ո՞ւր ես։ Մորս հետ զրուցելիս լսեցի տղամարդկանց ձայներ։ Մտածեցի՝ տանը հյուրեր կան։ Ու էդպես շտապեցի տուն։ Երբ մտա, տեսա երեք անծանոթներ են տանը, որոնցից միայն մեկն էր ոստիկանական համազգեստով», – պատմել է Վովան։

Տղայի խոսքով՝ մորն ասել են, որ նախազորակոչային ստուգումների հետ կապված ինչ-որ խնդիրներ են ծագել և տղային տանում են ստուգման․ «Ես թոքերի հետ կապված խնդիր ունեմ, մտածեցի դրա հետ է կապված։

Մամաս ասաց, որ ինքն էլ է գալիս, բայց ասացին՝ մի՛ արի։ Ես մինչև այդ պահը գիտեի, թե իրոք տանում են ինչ-որ ստուգման», – 21։00-ի սահմաներում Վովային նստեցնում են մեքենա և տանում Երևանում գտնվող Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն (ՀՕՖ)։

«Հենց մեքենայի մեջ նրանք սկսեցին հարցերը փոխել։ Ասացին՝ դպրոցից ճշտվել են, տեղեկություններ են հավաքել իմ մասին։ Հետո ավելի ուշ ես հասկացա, որ զինկոմի հետ կապված բոլոր խոսակցությունները միֆ են եղել»։

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում Վովային ասել են, որ պետք է այնտեղ մնա․ «Ես միանգամից ջղայնացա, ասացի՝ ես ստեղ չեմ մնա։ Ասացի՝ ո՞վ է համաձայնություն տվել, որ ինձ այդտեղ բերեն, իմ ծնողները իմ հետ չեն, ոստիկանները ասացին, որ համաձայնությունը տվել է մեր թաղային տեսուչը․․․

…Նյարդային համակարգս խախտվել էր, անգամ գիշերը չեմ քնել, մենակ ջուր էի խմում»։

Վովան Կենտրոնում բնակվող երեխաներից տեղեկացել է, որ այնտեղ ապրում են հիմնականում անապահով ընտանիքի կամ ծնողազուրկ երեխաները․ «Բայց ես ոչ մի ընտանեկան խնդիր չունեի։ ՀՕՖ-ում ինձ լավ էին վերաբերվում, ամեն պայմանները կային, սնվել, բան առաջարկեցին, բայց ես ոչինչ չկերա։ Երեխեքն արդեն քնում էին, ես ասացի՝ չեմ քնի, ինձ տարան մի դահլիճ, նստած վիճակում երևի հազիվ կես ժամ եմ քնել»։

Վովայի խոսքով՝ ոստիկաններն այդ օրը վերցրել էին իր հեռախոսը և վերադարձրել են միայն հաջորդ օրն առավոտյան։

«Զանգեցի մամային ու ասացի, որ հավանաբար մինչև երկուշաբթի այստեղ եմ մնալու, ասացի՝ ինձ շոր ու սնունդ բերեք։ Հետո հիշեցի, որ մի ծանոթ ունեմ, կարող է ինձ այստեղից հանել։ Զանգեցի իրեն, ասացի՝ խնդրում եմ, այնպես արա, որ ինձ ստեղից տանեն, պետք է 2 օր իրենց ասելով մնայի այնտեղ, մինչև հաջորդ օրը գար հոգեբանն ու ինձ հետ զրուցեր», – պատմել է Վովան։

Մարտի 24-ին մինչև 17։00-ի սահմանները Վովան մնում է Կենտրոնում, ապա իր ծանոթի միջնորդելուց հետո ոստիկանները նրան հետ են տանում Հրազդան։

Տղայի խոսքով՝ ճանապարհին ոստիկաններն իրենց կոպիտ են պահել։ Հարցեր են տվել տղայի աթեիստ լինելու հետ կապված․

«Չեք պատկերացնի ճանապարհին ինձ ինչ կարգի էին հարցաքննում։ Ասում են՝ դա նորմալ չի, դու մեզ նման պետք է մտածես, դրա համար մենք ուզում ենք քեզ հետ ընկերություն անել, որ դու հասնես մեր մտածելակերպին։ Ասում էին՝ ինչո՞ւ չես ուզում դառնաս քրիստոնյա։ Ես ասացի, որ եթե անգամ դառնայի քրիստոնյա, կպահպանեի բոլոր պատվիրանները։ Ոստիկաններից մեկին հարցրի՝ Դուք քրիստոնյա՞ եք, ասաց՝ այո՛, ասացի՝ բա էդ դեպքում ինչո՞ւ եք անպարկեշտ բառեր օգտագործում։ Ասաց՝ որովհետև չեմ կարում չօգտագործել, ասաց բացել եմ Աստավածաշունչը, երկու տող կարդացել եմ, հասկացել եմ, որ իմը չի, ասել եմ՝ աստված ջա՛ն, կներես, բայց ես չեմ կարող պատվիրաններին հետևեմ»։

Վովայի խոսքով՝ թոքերի հիվանդության պատճառով իրեն առհասարակ արգելված է շնչել ծխախոտի ծուխը․ «Բայց իրենք ծխում էին, ես խնդրում էի չծխել, իսկ իրանք փոխանակ նետեին ծխախոտը, պատուհանն էին միայն բացում ու շարունակում էին ծխել»։

Մարտի 26-ին ոստիկանները կրկին այցելել են Վովայի բնակարան և ասել, որ դարձյալ պետք է տանեն ստուգման։ Պատճառաբանել են, որ նախորդ անգամ հոգեբանը տեղում չի եղել։

«Ես իմ կամքով գնացի, ասացի՝ դե ստուգումներ են անում, վերջացնեմ, կգնամ տուն։ Սակայն հիմա էլ ասացին, որ այնտեղ պետք է մնամ մինչև ապրիլի 2-ը։ Ես ասացի, որ չեմ կարող, շատ զբաղված եմ»։

Այդ օրը Վովան հանդիպել է հոգեբանի հետ, կարճ զրույց է եղել, որի ժամանակ տղան պատմել է երկու օրերին իր հետ տեղի ունեցածը։ Այս անգամ էլ իր ծանոթի օգնությամբ Վովան կարողացել է նույն օրը տուն վերադառնալ։

Ոստիկանների այցերը, սակայն, շարունակվել են։ Հաջորդ օրը նրանք Վովային ասել են, որ ուզում են ուղղակի ընկերավարի խոսել։

«Ասացին՝ ուզում ենք քեզ օգնել, քո մեջ արթնացնել այն ամեն ինչը, որ դու հպարտանաս հայի կերպարով․․․ Երևի Ֆեյսբուքիս գրառումներն են տեսել, իրենց թվացել է, թե ես ինչ-որ աղանդավորական խմբի եմ հարում ու իրենց հետ ինչ-որ կապերի մեջ եմ։ Մի խոսքով՝ ասացի նման բան գոյություն չունի, ուղղակի աթեիստ եմ։ Բայց նրանք անընդհատ ասում էին՝ ինչո՞ւ չես ուզում դառնալ քրիստոնյա»։

Վովան ոստիկանների՝ իր հանդեպ հետաքրքրությունը կապում է նրա հետ, որ ինքն ունի այլ հասակակիցներից տարբերվող արտաքին և ոստիկանները միանգամից ֆիքսել են իրեն։

«Աթեիստ լինելուս պատճառով ինձ հետ քիչ մարդ է շփվում, երևի պատճառներից մեկը դա է դառել, երևի գնացել֊հասել էր ոստիկանությանը։ Հետո երևի ֆեյսբուքիս էջն են ստուգել, տեսել էին, որ նշել եմ՝ ասեքսուալ եմ, ինչ-որ եզրակացություններ արել, մտածել են՝ ինչ- որ խնդիր ունեմ», ֊ ասել է Վովան։

Epress.am֊ի թղթակիցը կապ է հաստատել ՀՕՖ֊ի գրասենյակի հետ՝ հարցնելով, թե ինչ հիմքով են ոստիկանները տղային տարել ՀՕՖ֊ի երեխաների աջակցության կենտրոն։ Այնտեղից նշել են, որ այն անձը, որը իրավասու է հարցին պատասխանել, այս պահին Հայաստանում չէ և առաջարկել են պաշտոնական հարցում գրել, որին էլ կանդրադառնան աշխատակցի վերադարձից հետո։

Tekali Taxi