Գլխավոր / Բանտ / Բանտերում բան չի փոխվել․ ևս մեկ օրինակ

Բանտերում բան չի փոխվել․ ևս մեկ օրինակ

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 2018 թ. օգոստոսի 7-ին հերթական անգամ հրաժարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ա. Ի.-ին տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ՝ պատճառաբանելով, թե վերջինս թշնամական հարաբերություններ ունի «Արթիկ» ՔԿՀ մի շարք դատապարտյալների հետ, և անվտանգության խնդիրներ կառաջանան:

Բայց թե կոնկրետ ում հետ և ինչպիսի խնդիրներ կան, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը չի մեկնաբանում:

Մինչդեռ դատապարտյալ Ա. Ի.-ի կինը, որն այդ հարցով դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, պնդում է, որ դատապարտյալը «Արթիկ» ՔԿՀ որևէ դատապարտյալի հետ թշնամական հարաբերություններ չունի, անվտանգության խնդիր առավել ևս չկա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. սեպտեմբերի 6-ին դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ Քրեակատարողական ծառայության կայացրած որոշումները համապատասխան պատճառաբանություններով ներկայացնելու հարցով: Նախարարին ուղղված գրության մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշել է, որ դատապարտյալ Ա. Ի.-ին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու որոշման մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ դատապարտյալների հետ և ինչպիսի խնդիրներ ունի Ա. Ի-ն, չի մեկնաբանվում նաև, թե որոնք են այդ թշնամական հարաբերությունների պատճառները:

Նախարարին ուղղված գրությամբ շեշտվել է նաև, որ եթե անգամ առկա են թշնամական հարաբերություններ ու դրանից բխող անվտանգության խնդիրներ, ապա յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ ունի համապատասխան միջոցներ, մարդկային և նյութական ռեսուրսներ՝ պատշաճ ձևով դատապարտյալի անվտանգությունն ապահովելու համար:

2018թ. սեպտեմբերի 26-ին թվագրված գրությամբ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մ. Միքայելյանը կրկին նույնաբովանդակ պատասխան է տվել այն մասին, որ Ա. Ի.-ն լարված միջանձնային հարաբերություններ ունի մի շարք դատապարտյալների հետ, և վերջինիս անվտանգության ապահովման նկատառումներով ներկայումս հնարավոր չէ նրա տեղափոխությունը «Արթիկ» ՔԿՀ:

Նկատենք, որ Քրեակատարողական ծառայությունը կրկին վերացական պատասխան է տվել և փաստացի շրջանցել է դիմումի բուն հարցը՝ որոշումների պատճառաբանական մասն ապահովելու վերաբերյալ՝ կրկին տալով չպատճառաբանված պատասխան:

Լարված հարաբերութուններ ունենալու հիմնավորմամբ դատապարտյալի տեղափոխումը մերժելը հակասում է նախարար Ա. Զեյնալյանի այն հայտարարություններին, թե ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը փոխվել է. վերացել է բանտախցի եւ մահճակալի համար գումարի գանձումը, կալանավորներին թղթախաղի մեջ պարտադրված ներքաշելու գործընթացը, «զոն նայողներ» այլևս չկան:

Դատելով Քրեակատարողական ծառայության տված պատասխաններից՝ կարելի է ենթադրել, որ նախարարի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, և որ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց նկատմամբ բացակայում է վերահսկողությունը և ՀՀ ԱՆ ՔԿԾ-ն չի կարողանում ապահովել «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց անվտանգությունը։

Հոկտեմբերի 31-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս հարցով կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին:

Tekali Taxi