հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Համաներում չհայտարարելը սաբոտաժ է

Համաներում չհայտարարելը սաբոտաժ է

Համաներման ձգձգումը ավելի շատ քաղաքաքկան հարց է՝ ոչ իրավական։ Համաներում հայտարարելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունն այդ առաջարկն անի և դիմի խորհրդարան։ Սահմանադրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում: Համաներման ակտով այն կարող է տարածվել ցանկացած հանցանքի վրա` նաև այն դեպքերի վրա, երբ գործը նախաքննության փուլում է, դեռ դատավճիռ չկա։ Այս մասին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Ինչո՞ւ է ուշանում համաներումը» խորագրով քննարկմանը հայտարարել է փաստաբան Տիգրան Սարգսյանը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանը կարծում է, որ համաներումը հեղափոխոթյան տրամաբանական շարունակությունն է: «Ցանկացած նման մեծ իրադարձությունից հետո առաջին քայլը, որ սպասում է հասարակությունը, համաներումն է: Չի նախատեսում մեծ ծախսեր, ներդրում, կադրային մեծ փոփոխություններ: Այս քայլը ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի հասարակության մեջ հումանիզմի սկզբունքը սկսի աշխատել»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կիսում է այս կարծիքը. «Երբ եկան նոր իշխանությունները, նշանակվեց Արդարադատության նախարարը, առաջին օրերի հիմնական թեման, որի մասին խոսում էին, համաներումն էր: Ինչ-որ ժամանակ հետո այդ խոսակցություններն անհետացան», – ասել է նա:

Իրավապաշտպանը տարօրինակ է համարում կառավարության կողմից այս հարցադրումներին չարձագանքելը. «Եթե համաներում չի կիրառվելու, թող հայտարարվի: Մարդիկ սպասում են, Արդարադատության նախարարին և վարչապետին նամակներ, դիմումներ են ուղղում` հատկապես ցմահ դատապարտյալները, և պատասխան չեն ստանում: Սա ևս անմարդկային վերաբերմունք եմ համարում», – ընդգծել է նա:

Ալեքսանյանի խոսքով, միակ գնահատականը, որ ինքը կարող է տալ այս երևույթին, սաբոտաժն է. «Տարբեր մարմիններում մնացել են աշխատելու դեռ այնպիսի մարդիկ, ովքեր տարիներ շարունակ սպասարկել են նախորդ իշխանություններին: Որովհետև այդ մարդկանցից յուրաքանչյուրը պետք է իր արածի չափով պատասխանատվություն կրի: Եվ ակնկալում են իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը դեպի վատը, տպավորության փոփոխությունը դեպի վատը: Չեն կարողանում հավաքել այն ուժերը, որոնք կկարողանան ասել` փողոցներ կփակենք… Այսպես ասած հակահեղափոխական ուժերը սկսում են իրենց հնարավորությունների սահմանում խանգարել նոր իշխանություններին», – ասել է նա:

Բանախոսները անդրադարձել են նաև այն տեսակետին, թե գուցե համաներման հասարակական պահանջ չկա, ինչն էլ այն ուշացնելու պատճառն է։ «Կառավարությունը թող չասի, որ չկա հանրային պահանջ, որովհետև սա սպեցեֆիկ ոլորտ է, սա այն ոլորտը չէ, որ ժողովուրդը ոտքի կանգնի, պահանջի: Եթե մասնագիտական հանրությունը կարծիք է հայտնում, պահանջում է, ուրեմն հասարակական պահանջ կա», – նշել է փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Ժաննա Ալեքսանյանը նույնպես նշել է, որ հասարակական պահանջը մեծ է. «Ինչից են ենթադրում, որ հասարակական պահանջ չկա. սոցիոլոգիական հարցու՞մ են կատարել, ինչի՞ց են իմացել, ի՞նչ տվյալներ ունեն: Եթե հասարակական կազմակերպություններին հարցնեն, կտեսնեն, թե ինչքան մեծ պահանջ կա համաներման»: