հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ցմահ դատապարտյալի վաղաժամ ազատման գործում վրիպակը կարող է վճռորոշ դեր խաղալ

Ցմահ դատապարտյալի վաղաժամ ազատման գործում վրիպակը կարող է վճռորոշ դեր խաղալ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի անձնական տվյալներում սխալ է թույլ տրված, որը կարող է վճռորոշ դեր ունենալ Գրիգորյանի վաղաժամ ազատման գործում։

Այսօր Վերաքննիչ դատարանում Գրիգորյանի վաղաժամ ազատման հարցը քննող դատավորները հայտարարել են, որ նիստը պետք է հետաձգվի և ոստիկանությունը պետք է հստակեցնի Գրիգորյանի դատվածության փաստերը։

Նրա անձնական տվյալներում ջնջումով գրված էր, որ նա հանցագործության համար դատապարտվել է ոչ մի այն 1996 թվականին, այլ նաև 1991։ Վերջին թիվը ուղղած է․ Գրիգորյանը պնդում է, որ նա իրոք դատապարտվել է նախկինում, սակայն 1981 թվականին, երբ անչափահաս էր, իսկ թիվը հետագայում են փոխել՝ դարձնելով 1981։ Կրկնահանցագործության փաստը կարող է բնութագրիչ հանգամանք լինել և խանգարել Գրիգորյանին վաղաժամ ազատ արձակվել։

Ինչպես Epress.am֊ին հայտնել է Գրիգորյանի փասատաբան Ռոբերտ Ռևազյանը, կրկնահանցագործություն է չմարված հանցագործության առկայության դեպքում նոր հանցագործություն կատարելը, իսկ անչափահաս եղած ժամանակ կատարված հանցագործությունը չի համարվում կրկնկահանցագործություն։ Ռևազյանը նաև ասել է, որ վրիպակը դիտավորություն չի համարում։

Ստեփան Գրիգորյանը սպանության համար դատապարտվել է մահապատժի 1995 թվականին։ Նա հերքում է, թե նման հանցագործություն է կատարել։ Հետագայում՝ մահապատիժը վերացնելուց հետո, Գրիգորյանի պատժամիջոցը փոխվել է ցմահ ազատազրկման։

2017թ․ հուլիսի 6-ին վաղաժամկետ ազատման հանձնաժողովը մերժել էր Գրիգորյանի դիմումը։ Գրիգորյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն պատասխան չի ստացել։ Բանտային պայմանների մասին նա բարձրաձայնել է Henaran.am֊ին տված հարցազրույցում։

«Ես տեսել եմ ահ ու սարսափ, սով: 7-8 ամիսը մեկ անգամ բաղնիք էին տանում: Մնացել էր մեր կաշին և ոսկորը: Մինչև 2003 թվականը ուտում էինք քյալամ ու ցորեն, էն էլ որդնած: Մի կերպ վիժիվատ արեցինք, ու, փառք աստծո, մնացինք մարդ: Եթե այսքան տարվա մեջ հինգ աշխատակից գտնեք, որ իմ մասին ասեն՝ վտանգավոր մարդ է, ապա ձեռքերս կբարձրացնեմ ու ցմահ կմնամ այստեղ: 91 թվականից հետո ցմահ դատապարտվածների մեջ կան արդեն կիսախելագարներ, մի մասը մահացել է, մնացածներս հավատում էինք արդարությանը: Գոնե ասեն, թե ինչ են ուզում մեզնից՝ գնանք կախվենք, գժվենք, դառնանք գազան, սպանենք մեր ներսի մարդուն, պատկերացնո՞ւմ եք ինչ կենդանու կարող է վերածվել հույսը կորցրած մարդը։ Իմ հետ շփվող կալանավորները պատրաստ են իմ համար ստորագրահավաք անցկացնել: Խնդրում եմ մի թաղեք մեզ, մենք էլ ենք այս պետության մասնիկ», ֊ իր հարցազրույցում ասել էր Գրիգորյանը։