հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ծանր հիվանդ կնոջը հրաժարվել են ազատել բանտից․ նույն օրը նա մահացել է

Ծանր հիվանդ կնոջը հրաժարվել են ազատել բանտից․ նույն օրը նա մահացել է

«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ, 66-ամյա Արեգա Ավետիսյանը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 29-ի երեկոյան։ Նույն օրն` ավելի վաղ, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, պատասխանելով ծանր հիվանդ կնոջ վիճակի մասին Դիտորդական խմբի հարցմանը, գրել էր՝ Ավետիսյանի հիվանդությունը չի խանգարում կրել պատիժը։

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն իր կայքում գրել էր, որ խմբի անդամները դեկտեմբերին այցելել են «Աբովյան» ՔԿՀ և հանդիպել Արեգա Ավետիսյանին։

«Դատապարտյալ Ա. Ա.-ն հիպերտոնիկ կրիզի արդյունքում տարել էր ինսուլտ, անկողնային հիվանդ էր, և նրա խնամքը հոգում էր կին դատապարտյալներից մեկը: Խմբի անդամները պարզել են, որ վերջինիս մի քանի անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, սակայն իրավիճակի փոփոխություն դեռևս չկա։ Նման անձանց քրեակատարողական հիմնարկում խնամելը չափազանց դժվար է, քանի որ քրեակատարողական հիմնարկները հարմարեցված չեն նման ծանր հիվանդներին խնամելու համար», – նշված էր խմբի հայտարարության մեջ:

Դիտորդական խմբի անդամները դեկտեմբերի 20-ին դիմել էին Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով քննարկել ծանր հիվանդության հիմքով Արեգա Ավետիսյանին պատժից ազատելու հարցը:

Դեկտեմբերի 29-ին նախարարությունը պատասխան նամակ է գրել, ըստ որի՝ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 26-ին ուսումնասիրվել են Արեգա Ավետիսյանի բշժկական փաստաթղթերը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կողմից տրված էպիկրիզը, ըստ որի՝ Ավետիսյանի մոտ ախտորոշվել է․ «Մնացորդային երևույթներ տարած իշեմիկ ինսուլտից հետո՝ ուղեղիկի շրջանում, աջակողմյան խորը հեմիպարեզով։ Զարկերակային հիպերտենզիա՝ կրիզային ընթացքով»։

«Հայտնում ենք, որ նշված հիվանդության ախտահարման աստիճանը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ում ընդգրկված պատիժը կրելուն խոչնդոտող ծանր հիվանդությունենրի ցանկին», – նշված է Քրմոյանի պատասխան նամակում։

Epress.am-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեկտեմբերի 29-ին՝ 21։10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ» ախտորոշմամբ «Աբովյան» ՔԿՀ-ից իրենց մոտ է տեղափոխվել Ա․Ավետիսյանը, որը նույն օրը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Նշենք, որ Արեգա Ավետիսյանը 2011 թվականին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման մահափորձի մեղադրանքով։