Մի շատ զգայուն, անտեսված խնդրի մասին պիտի գրեմ: Իմ ինֆոն կալանավորներից է: Կարող եք համարել միակողմանի…
«Նուբարաշեն» քրեակատարողականի կալանավորները զուրկ են տարրական մարդկային իրավունքներից: Նոր պետի նշանակմամբ է՛լ ավելի է վատթարացել վիճակը: Տեղում առաջնային բուժօգնություն չեն կարող ստանալ. բոլոր բժիշկները դուրս են եկել աշխատանքից: Մի նոր ատամնաբույժ կա, որը միայն ատամ քաշելու հրահանգ ունի, ոչ թե բուժելու: Ասում են՝ սա էլ է ուզում հեռանալ: Աշխատանքից ազատվել են շատերը, անգամ՝ ռեժիմի պետերը: Պատճառն էսպես չես կարող պարզել. ասում են՝ նոր պետի հետ չեն հարմարվում: Նոր պետն էնքան էլ նոր չէ. համակարգի ստաժավոր է:
Հիմա՝ կալանավորների մասին: Խուց կա՝ 15 հոգով են: Օրենքը թույլատրում է 8 մահճակալ՝ 8 կալանավորի համար:
Պատկերացրեցի՞ք՝ մի քանի քառակուսում ոնց է քնում-կենցաղ կիսում 15 տղամարդ:
Առողջական լուրջ խնդիրներով, մի քանի անգամ սիրտը վիրահատած մարդուն արգելում են գոնե տնից անհրաժեշտ դեղորայք ստանալ, իսկ տեղում ամենատարրական դեղեր չկան, սուտի ցավազրկողներ են: Դեղ բաժանողը մինչև ցերեկվա մեկն է աշխատում: Լրացուցիչ դեղահաբ չի տրվում, որ մարդը գոնե ցավազրկվի՝ մինչև լույսը կբացվի:
Շտապօգնություն կանչելը բարդ պատմություն է. պիտի էնքան գոռաս, մինչև մոտենան, խնդիրդ լսեն, հասնես նրան, որ ապացուցես, թե քեզ իսկապես բուժօգնություն է պետք, ՔԿՀ-ից կապվեն վարչության հետ, թույլտվություն ստանան և այլն: Մինչդեռ սրտի նոպա ունեցողն իսկի կիսաձայն խոսել չի կարողանում…
Սննդի մասին խոսելն ավելորդ է: Հսկայական գումարներ են դուրս գրվում դրա համար, իսկ ուտելիքը հերթով կալանավորների տնեցիներն են տանում՝ խցի մարդկանց քանակով: Սա սարսափելի բեռ է կերակրող տղամարդուց զրկված ընտանիքների համար: Ու եթե անցյալ տարի ամեն օր միս կամ մսի պահածո էր տրվում, որը միակ ուտելի սնունդն էր ամբողջ օրապահիկի մեջ, հիմա դա շաբաթը մեկ է դարձել:
Ուղղակի չմոռանանք, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի. անազատության մեջ գտնվողները և նրանք, ովքեր կարողացել են խուսափել դրանից:
լրագրող Ժաննա Սարգսյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ