«Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը բավարարում է «գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար քրեակատարողական ծառայողին ներկայացվող պահանջներին»: ՀՀ արդարադատության նախարար տեղակալ Սուրեն Քրմոյանից նման պնդմամբ դեկտեմբերի 19-ին նամակ է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ 2017 թ. նոյեմբերի 28-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ Սերոբ Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնից ազատելու և հանցավոր աշխարհի հետ կապեր ունեցող անձանց ՔԿՀ պետի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարելը բացառելու հնարավորություն ընձեռող իրավական ակտ մշակելու հարցով:
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ այս տարվա մայիսին լրատվամիջոցներով տեղեկություն է հրապարակվել, որ հանցաշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով պաշտոնակ արված Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Վերջինս ՀՀ ոստիկանապետի հրամանով, ի թիվս ոստիկանության այլ պաշտոնյաների, պաշտոնանկ էր արվել 2016 թ. փետրվարին:
«Համաձայն լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների՝ վերոնշյալ պաշտոնյաները պարբերաբար մասնակցել են հանցաշխարհի ներկայացուցիչների կազմակերպած խնջույքներին: Տևական զգուշացումներից հետո ոստիկանապետը որոշել է աշխատանքից ազատել նրանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ևս ենթադրում է առնչություն հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ որևէ հիմնավորում չի կարող լինել քրեական աշխարհի հետ կապերի հիմքով պաշտոնից ազատված ոստիկանապետին քրեական աշխարհի հետ ուղղակի կապ ունեցող հաստատության պետի պաշտոնում նշանակելու համար», ֊ գրված է իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ինչևէ, Սուրեն Քրմոյանի պատասխանում նշված է, որ «մամուլում հրապարակված տեղեկատվությունը հիմք չի կարող հանդիսանալ անձին ծառայությունից ազատելու համար»: