«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող Հայկ Գալստյանն օգոստոսի 17-ին նամակներ էր գրել ՀՀ կառավարությանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ իր դեմ շինծու՝ ավազակային հարձակման մեղադրանք է առաջադրվել։ Գալստյանն ընդունում է իրեն մեղսագրվող ավտոմեքենա յուրացնելու մեղադրանքը, սակայն պնդում է, որ ավազակային հարձակում չի կատարել, և այդ հոդվածը ավելացվել է իրեն դատարան տանելուց մեկ ժամ առաջ։
Գալստյանը ենթադրում է, որ իր նամակները հասցեատերերին չեն հասել․ նրանից հետո, երբ կալանավորը նամակները հանձնել է բանտի վարչակազմին, ՔԿՀ֊ի աշխատողները սկսել են իր վրա ճնշում գործադրել՝ համոզելու հետ վերցնել դիմումները։ Այս մասին բանտարկյալն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ իրեն ճնշելու համար բանտի վարչակազմն իր մոտ է ուղարկել բանտի «զոն նայողներին»։
«Իմ դիմումներից հետո, երրորդ հարկից ինձ մոտ՝ առաջին հարկ՝ «կարանտին» են եկել բանտի «զոն նայողները»։ Դուք երևի չեք պատկերացնում, բայց բանտում հարկերով ման գալն անհնար է։ Նրանց ուղարկել էր բանտի ադմինիստրացիան։ Ծեծեցին ու ասացին՝ դիմումներդ հետ վերցրու։ Ես ասացի, որ հետ չեմ վերցնելու, կյանքի գնով էլ լինի՝ չեմ ընդունելու սուտ մեղադրանքը։ Հետո ինձ համոզելու եկան ՔՀԿ պետի տեղակալը և օպերատիվ բաժնի աշխատակիցը», ֊ պատմել է Հայկ Գալստյանը։
Վարչակազմի ճնշումների հարցով Գալստյանը հաղորդում է տվել Հատուկ քննչական ծառայություն։ Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։
ՀՔԾ քննիչ Գ․Բեգոյանի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշված է, որ կալանավորվածը պատմել է, թե մերժելով ենթարկվել ՔԿՀ֊ի պետի տեղակալի ու օպերատիվ բաժնի աշխատակցի պահանջներին՝ կատարել է ինքնավնասում՝ ձախ ձեռքի մեջ ներարկելով թուք։ Մի քանի օր անց հիշյալ պաշտոնատար անձինք կրկնել են նշված պահանջը, և, կրկին Գալստյանից մերժում ստանալով, արգելել են տեսակցել մորը, որի պատճառով նա երկրորդ անգամ է ձեռքի մեջ թուք ներարկել։
ՀՔԾ֊ում հարուցված քրեական գործում Հայկ Գալստյանի շահերը ներկայացնելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։