հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դատապարտյալին ճնշում են ՔԿՀ֊ում, իսկ պատկան մարմինները լռում են․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Դատապարտյալին ճնշում են ՔԿՀ֊ում, իսկ պատկան մարմինները լռում են․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը շարունակաբար ճնշումներ է գործադրել դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ և, վերջինիս խոսքերով, սպառնացել է «գործ սարքել գլխին»: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի կայքը։ Կազմակերպությունը նշում է, որ նախկինում էլ նույն աշխատակիցը բազմիցս հորդորել է Կ. Ս.-ին կեղծ ցուցմունքներ տալ՝ ընդունելով իրեն վերագրվող մեղադրանքները, փորձել է «վարչական տույժ» ձևակերպմամբ ապօրինաբար գումար բռնագանձել նրանից: 

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը Արդարադատության նախարարությանն ուղղված գրությամբ դիմել էր դատապարտյալ Կ. Ս.-ին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցով՝ վերջինիս նկատմամբ հնարավոր ճնշումները կասեցնելու նպատակով:

«Չնայած դիտորդական խմբի հիմնավոր մտահոգությանը՝ նախարարությունն այդպես էլ որևէ գործողություն չի ձեռնարկել դատապարտյալի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ», ֊ նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Կազմակերպության փոխանցմամբ՝ այս ամենի տրամաբանական շարունակությունը եղել է այն, որ դատապարտյալը հրաժարվել է իր ներկայացրած բողոքից (այդ մասին վերջինս հայտնել էր փաստաբան Ա. Սուքիասյանի հետ հանդիպման ժամանակ), ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Կ․Ս․֊ի քայլը պայմանավորված է նրա նկատմամբ ճնշումներով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործով ձեռք բերված փաստերի հիման վրա ավելի վաղ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որի կողմից, սակայն, մինչ օրս որևէ գործողություն չի կատարվել։

«Փաստորեն, ՀՀ Արդարադատության նախարարությունը և «Վանաձոր» ՔԿՀ վարչակազմն ու աշխատակիցները իրենց գործողություններով ոչ միայն ոտնահարում են դատապարտյալի իրավունքները, այլև ստիպում են նրանց հրաժարվել իրենց իրավունքների պաշտպանությունից։ Հաշվի առնելով դատապարտյալ անձի խոցելիությունը՝ ՀՔԾ-ի ոչ օպերատիվ արձագանքը նույնպես մտահոգիչ է։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խորապես անհանգստացած է ստեղծված իրավիճակով, քանզի դատապարտյալը շարունակում է մնալ իր համար վտանգավոր միջավայրում, իսկ նրա անվտանգության անմիջական պատասխանատուն ՀՀ Արդարադատության նախարարությունն է», ֊ ասված է կայքում։