Home / Կանանց իրավունքներ / Ադրբեջանուհին խթանում է հավասարության գաղափարը

Ադրբեջանուհին խթանում է հավասարության գաղափարը

Ֆիդան Նազարովան «Meydan-TV»-ին պատմել է իր անսովոր բողոքի մասին և թե ինչ է այն փոխելու հասարակության մեջ։

Ադրբեջանում ավանդական հարսանիքի ժամանակ այսպիսի մի արարողություն կա. փեսացուի ընկերը կարմիր ժապավեն է կապում հարսի գոտկատեղին, ասելով՝ «Ուզում եմ յոթը որդի և մեկ դուստր»: Այս ծիսակատարությունը, որը պահպանվել է ողջ երկրի տարածքում, լավ է արտահայտում հասարակության ակնկալիքները: Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով երկրի յուրաքանչյուր 100 նորածին աղջկան հասնում է 112 տղա ( 107 տղային 105 աղջկա փոխարեն)։ Այս անհամապատասխանության հիմնական պատճառներից մեկը սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն են: Այս ցուցանիշով Ադրբեջանը երկրորդն է՝ Չինաստանից հետո։

Աղջիկները փոքր ինչ մեծանալուց հետո անմիջապես դառնում են խտրականության օբյեկտ։ Ադրբեջանական գյուղերում մանկական աշխատանքի շահագործումը շատ սուր խնդիր է։ Հազիվ գրել և կարդալ սովորած աղջիկները դադարում են դպրոց գնալ և սկսում ծնողներին օգնել տան գործերում։ Մեկ այլ աղետ է վաղաժամ ամուսնությունները: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում տարեկան նմանատիպ 400-600 ամուսնություններ են տեղի ունենում։ Որպես կանոն, դրանք 15-17 տարեկան աղջիկներ են: Նման ամուսնությունները քրեորեն պատժելի են, բայց երկրում այս հարցով դատավարություններ չկան: Ադրբեջանում «իսկական կինը» համեստ և ոչ այդքան կրթված տնային տնտեսուհին է, ով «տանը կմնա» և երեխաներին կդաստիարակի», – ասում է Ադրբեջանի Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը:

«Երկրում չկան օրենքներ, որոնք արգելում են աղջիկներին կրթություն ստանալ», – բացատրում է նա, – «բայց կրթությունը դադարել է գնահատված լինել և նույնիսկ խանգարում է»:

Առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2017 թվականին ադրբեջանցի կանանց մոտ 35 տոկոսը բռնության է ենթարկվել: Միևնույն ժամանակ, օրենսդրությունը վաղաժամ ամուսնությունները չի դիտարկում իբրև ընտանեկան բռնության ձև, ինչպես որոշ երկրներում է:
2018թ. հունվարին Ադրբեջանը չստորագրեց Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության պայքարի դեմ ստամբուլյան կոնվենցիան, որը պարտավորեցնում է ստորագրող երկրների կառավարություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ։

Երկիրում կա ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, որը, սակայն, չի գործում։
«Անարդարությունն արմատանում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների ընդհանուր թուլացման պատճառով», – կարծում է իրավապաշտպան Գյուլնարա Մեհդիևան:

«Վերջին տասնամյակներում Ադրբեջանում նկատելիորեն թուլացել է ոչ կառավարական սեկտորը․ իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հետապնդումների պատճառով ակտիվ հասարակական կազմակերպությունների թիվը նվազել է 200 մինչև 50: Իսկ դրանք էլ գրեթե դադարել են աշխատել», – ասում է Հումանիտար հետազոտությունների հանրային միության նախագահ Ավազ Հասանովը: Սակայն, չնայած դրան, հասարակության մեջ ակտիվիստների ձայնը լսելի է:

«Ֆեմինիզմի ազդեցությունն, ի վերջո, սկսում է գործել Ադրբեջանում: Այստեղ «գենդեր» տերմինն արդեն արմատավորված է։ Ճիշտ է, արձագանքը դեռևս բացասական է, բայց թեման բուռն հետաքրքրություն է առաջացնում», – ասում է գենդերային հարցերի գծով փորձագետ, Նեֆես ԼԳԲՏ֊ալյանսի անդամ Գյուլնարա Մեհդիևան:

Ցավոք, «բուռն հետաքրքրասիրությունը» կարող է ագրեսիայի վերածվել մի կնոջ հանդեպ, ով համարձակվում է ազատ արտահայտել իր դիրքորոշումը:

«Մենք ապրում ենք հայրիշխանական մի երկրում, որտեղ հասարակությունն է թելադրում կնոջ յուրաքանչյուր քայլը: Ինչ պետք է անի այս կամ այն տարիքում, ինչպես իրեն պահի այս կամ այն վայրում: Նույնիսկ ինչպես և ում հետ կինը պետք է ճանապարհորդի», ֊ ասում է ակտիվիստ Ֆիդան Նազարովան, հավաքելով իր ուսապարկը: «Եվ ուզում եմ ցույց տալ, որ կինն անկախ է և ազատ, առնվազն ճամփորդության ժամանակ»:

Ֆիդանն ընտրել է բավականին անսպասելի քարոզչական մի ձև: Նա ճանապարհորդում է աշխարհով մեկ: Իր գաղափարներն իրապես ռեզոնանսային դարձնելու համար ընտրում է առավել էքստրիմային մի եղանակ՝ ավտոստոպ կոչվածը, ինչը խորթ է պահպանողական ադրբեջանական հասարակության համար:
«Ցանկանում եմ ցույց տալ, որ կինը կարող է լինել անկախ: Մասնավորապես, նա իրավունք ունի ապրել ոչ թե տանը, այլ այնտեղ, որտեղ ուզում է: Եվ նա դրա համար չպետք է թույլտվություն խնդրի իր հորից կամ եղբորից»:

Ավտոստոպ ասվածով երթևեկելը հատկապես կնոջ համար կարող է վտանգավոր լինել:
«Դու նստում ես մի մարդու մեքենան, ում կյանքում առաջին և վերջին անգամն ես տեսնում։ Իհարկե, ամեն ինչ կարող է պատահել»: Ֆիդանը մի քանի անգամ շատ վտանգավոր իրավիճակներում էր հայտնվել, երկու անգամ բռնաբարվելու ռիսկի առջև կանգնել:

Հինգ տարվա ընթացքում ինտենսիվ ճանապարհորդությունների մասին կուտակած փորձով Ֆիդանը կիսվում է սոցիալական ցանցերում: Նա շատ է պատմում այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանվել հնարավոր վտանգավոր վայրերում և իրավիճակներում:

«Երբ առաջին անգամ ճանապարհորդելու էի պատրաստվում, ոչ֊ոք ինձ խելամիտ խորհուրդներ չէր տալիս, քանի որ իմ միջավայրում ոչ մի կին֊ ճանապարհորդող չկար: Իսկ տղամարդիկ ասացին. քեզ հետ գազի լաք տար: Այնուհետև նաև պարզվեց, որ որոշ երկրներում այդ գազի շշերը սովորաբար արգելված են»:

Կանայք, որպես կանոն, երախտապարտ են տրամադրած տեղեկատվության համար և հետևում են Ֆիդանի ֆեյսբուքյան էջի թարմացումներին: Իսկ շատ տղամարդիկ փորձում են խեղաթյուրել նրա վարքագիծը:
«Ես պարբերաբար սպառնալիքներ եմ ստանում: Դե, երկար ժամանակ չեմ եղել տանը, բայց ֆեյսբուքյան հաղորդագրություններից գիտեմ, որ հեղինակները «ինձ սպասում են» Ադրբեջանում: Իհարկե, հաճելի չէ, բայց իմ միակ պատասխանը նրանց ՝ արհամարհանքն է»:

«Նման կերպով երթևեկելու համար անհրաժեշտ է վստահություն և քաջություն: Ճանապարհն ինքն կսովորեցնի՝ ինչպես վարվել», – ասում է Ֆիդանը:

Ճանապարհին է մարդն իրեն իսկապես ազատ զգում. «Կյանքում մենք անընդհատ արգելքների և կանոնների ենք բախվում։ Իսկ ճանապարհին դուք չեք հանդիպի մի նշանի, որի վրա գրված կլինի «կանանց չի կարելի»:

https://www.youtube.com/watch?v=ky6jte2J8jM