2018 թվականի փետրվարին Ղարաբաղի ոստիկանության բաժանմունքում ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկված Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը բողոքարկել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության քննիչ Դ. Դալլաքյանի դեկտեմբերի 7-ի որոշումը:
Փետրվարի 1-ին, երբ Խաչատրյանը ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, նրան են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին, որը նրա հետ կիսում էր Ստեփանակերտի բնակարանը։
Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։ Իր Ստեփանակերտի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում և խուզարկում են սենյակները։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը իրավական հարցերով աջակցում է Խաչատրյանին, նշում է, որ դեպքից հետո Ասյա Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազություն: Գործն այժմ քննում է ՀՀ hատուկ քննչական ծառայությունը: Գործի քննության ընթացքի վերաբերյալ տուժող կողմը տեղեկատվություն չունի:
Հունվարի 9-ին կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն պատասխան չի ստացել:
Քրեական գործը կարճելու՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
«Բողոքում նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել և դրանով խախտել է Ասյա Խաչատրյանի՝ արդարացի քննության իրավունքը:
Վարույթն իրականացնող մարմինը, տեղեկատվություն ունենալով նրա նկատմամբ Արցախի ոստիկանությունում ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու միջոցներ չի ձեռնարկել:
Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր նշանակել բժշկական և հոգեբանական փորձաքննություններ, կատարել առերեսում, ապահովել գործի քննության ողջամիտ քննություն, ինչը կկանխեր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած ոստիկանների միջև հանցավոր համաձայնության ձեռքբերումը:
Ոչ պատշաճ քննության արդյունքում ճիշտ չի որակվել նաև ոստիկանների արարքը. այն պարունակում է ոչ միայն պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման, այլ նաև՝ խոշտանգման հատկանիշներ:
Ասյա Խաչատրյանը ԱՀ գլխավոր դատախազից պահանջել է իրավական գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի գործողություններին, վերացնել քրեական գործի վարույթը կարճելու՝ 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության», -նշված է կազմակերպության հայտարարության մեջ: