Home / Բանակ / Արդյոք դա նշանակում է, որ ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ն

Արդյոք դա նշանակում է, որ ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 18-ին որոշեց փոխել Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորության դիմաց: Որոշումը հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Իրադարձությանը ակտիվորեն արձագանքում են սոցցանցերի օգտատերերը․

– Քոչարյանի կողմնակիցների մի մասը հիասթափված է, որ Բակո Սահակյանի միջնորդությամբ է առաջնորդն ազատվել՝ ավելի ցածրակարգ մեկի: Սա պատվի բանտային ընկալում է:

– Ղարաբաղյան կլանը վաղուց գիտի, որ Ղարաբաղը Հայաստանի աքիլլեսյան գարշապարն է: Նրանք Ղարաբաղը գործիք են սարքել շուտվանից, պլացդարմ: Հիմա պատահական չի, որ նորից վերադարձել են հետ, պտույտներ են տալիս Ղարաբաղի շուրջբոլորը: Նրանց խնդիրը Ղարաբաղը չի, նրանց խնդիրն է Ղարաբաղով Հայաստանում իշխանություն վերցնելը: Կլանը վերտիկալ, ամբողջատիրական համակարգ է, դրա անդամները ոչ քաղաքացիներ են, ոչ էլ քաղաքական գործիչներ, քանի որ առաջնորդվում են միայն կլանային-անձնական շահերով:

– ․․․Ազգային միասնականության կեղծ գաղափարը հենց Քոչարյանի օրոք է ներդրվել։ Նա է գցել նաև հայաստանցի֊ղարաբաղցի անջրպետը դեռևս 98 թվից, երբ Կարեն Դեմիրճյանի հետ ընտրապայքարում իրեն իդենտիֆիկացրել էր Ղարաբաղի հետ և ակտիվորեն շրջանառում էր, որ ով իր դեմ է, Ղարաբաղի դեմ է։ Նա պիտի հասկանա, որ քարոզչությունները կարող են ի սկզբանե դատապարտվել, քանի կա հիշողություն։

– Մի հարց տամ էլի էս թեմաների կողքից։ ԼՂՀ նախագահները որպես ո՞վ են երաշխավորել, եթե դատարանը ճանաչում ա իրենց որպես ԼՂՀ ներկա ու նախկին նախագահ, արդյոք դա նշանակում ա, որ ՀՀ-ն ճանաչում ա ԼՂՀ-ն։

– Բակոն ու Արկադին խաղասեղանին դրեցին մի կողմում՝ Քոչարյանին, մյուս կողմում՝ պետությունը։ Մի կողմից, եթե կալանքը չփոխեին, դա ներկայացվելու էր որպես Արցախի հեղինակության, դերակատարության չգոյություն։ Կարելի է ֆիքսել, որ Բակոն ու Արկադին սա շատ լավ գիտակցելով մեզ բոլորիս դրեցին անլուծելի խնդրի առաջ։ Բայց ես համոզված եմ, որ բուն դատավարության ընթացքում, Մանվելի ներկայիս հեղինակության աստիճանին երնեկ են տալու։

– Իսկ որտե՞ղ էին Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, երբ բանտում սպանեցին իրենց ընկերոջը՝ Լևոն Հայրապետյանին…

– Դատարանն ապացուցեց այսօր, որ անկախ է գործող կառավարող ուժից, գործադիր և օրենսդիր իշխանություններից, բայց արդյոք ազատ է նախկին ռեժիմից, նախկին ռեժիմի ճնշումներից, վախերից ու ազդեցություններից, սա լուրջ հարց է և հենց այստեղ է պետք անցումային արդարադատությունը, դատական ողջ համակարգի առողջացումն ու վեթթինգի մեխանիզմի կիրառումը:

Հ.Գ. հուսով եմ, դատավորը պատկերացնում է, թե այս փուլում ինչ վտանգի է ենթարկել գործով անցնող վկաներին, ցուցմունք տված բոլոր անձանց ու նրանց սպառնացող ցանկացած վտանգ հենց իր խղճի վրա է:

– Վարդգես Գասպարին այսօր՝ դատարանի դիմաց, ոստիկանական պատնեշից «այս կողմ», գոռում էր․

«Գոռ Քլոյանն իմ եղբայրն է,
Դավիթ Պետրոսյանն իմ եղբայրն է,
Տիգրան Աբգարյանն իմ եղբայրն է,
Տիգրան Խաչատրյանն իմ եղբայրն է,
Արմեն Ֆարմանյանն իմ եղբայրն է,
Հովհաննես Հովհաննիսյանն իմ եղբայրն է,
Համլետ Թադևոսյանն իմ եղբայրն է,
Գրիգոր Գևորգյանն իմ եղբայրն է,
Սամվել Հարությունյանն իմ եղբայրն է,
Զաքար Հովհաննիսյանն իմ եղբայրն է։

Դուք սպանել եք իմ եղբորը։ Ամո՛թ»

– Ո՞վ է մոռացել 2008-ի մարտի 1-ին հաջորդած դատախազական ու ոստիկանական տապոռ հայտարարությունները։ Տեսանյութ կար Համլետ Թադևոսյանի սպանության հետ կապված, որն ապացուցում էր, թե սպանողները ցուցարարներ են ու այդ տեսանյութը պահում էին չհրկիզվող պահարանո՞ւմ։

Անգամ այն բանից հետո՞, երբ փաստահավաք խումբը հայտարարում էր, որ Համլետ Թադևոսյանը մահացել է բեկորային վնասվածքներից, նրա մահվան հանգամանքները կեղծվել են, անհետացրել է սպայի զրահաբաճկոնը։

Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների կապակցությամբ դատաբժշկական եզրակացության բացահայտ թերությունները դարձել էին փաստահավաքի, նաև ԱԺ նիկոյանական հանձնաժողովի քննության առարկա։ Փորձագետների շիվար դեմքերն ու կցկտուր պատասխանները տեսագրվել էին։ Եվ այս ամենին հետևող Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատը՝ «իրավապահներով» հանդերձ, հապաղո՞ւմ էին հրապարակել այդ տեսանյութը, որն, ըստ մեղադրյալ Քոչարյանի, «հետաքրքիր» տեսանյութ էր։

– Քոչարյանն իհարկե բացահայտ ստում է։ 2008-ի մարտին ես առաջին անգամ Բելայի (Իզաբելլա Սարգսյան) շնորհիվ իմացա proxy-ին ինչ է, որովհետև ինտերնետն արգելափակված էր, նորություններն իմանալու համար կանադական պրոքսիներով էինք կայքերը մտնում։ Բելան էդ օրերին բացառիկ համարձակությամբ փորձում էր ապահովել տեղեկատվության հասանելիությունը։ Էլ չխոսեմ ինքնահրատի մասին, որը մարդիկ տպում ու տարածում էին։
#Քոչարյանըստում

#Քոչարյանըստում է
2008-ի մարտի 1-ը շաբաթ էր: Առավոտյան զանգեցին, թե՝ Օպերայում իշխանությունը ջարդ է արել, կան ձերբակալվածներ: Արագ իջա Օպերա, 11-ն էր, մարդիկ Թումանյան փողոցի կողմից մայթին կանգնած անզորությունից անիծում էին՝ Ռոբին ու Սերժին: Օպերան շրջապափակված էր: Մաշտոցի կողմից ավտոբուսներ էին կանգնած, հանկարծ սկսեցին արագ-արագ, մահակներով ու վահաններով զինված երիտասարդ ոստիկաններին ՛՛լցնել՛՛ ավտոբուս: Զանգեցի մի ընկերոջ, ասաց՝ հավաքված են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Գնացի այնտեղ: Զանգեցի Այդինին՝ թե՞րթ ենք տպելու, ասեց՝ հա, գրի:

Ողջ օրը եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ: Երեկոյան գազ բաց թողնելուց, օդ կրակելուց հետո հետո էր, զանգեցի Այդինին, ասեց՝ արի էդքանը գրի, էլի կգնաս: Փորձեցի Լուսավորիչով, այգու տակով առաջ շարժվել, մի տասը մետր էի գնացել, վերեւից տղաներ էին ահաբեկված, վազքով գալիս, մեկը թե՝ քուրիկ ջան, առաջ մի գնա, կրակում են:

Մի ժամ մնացի, արդեն հայտարարեցին արտակարգ դրության մասին, զանգեցի Այդինին, ասեց՝ չենք կարող տպվել, բայց արի, տեսնենք ոնց ես, գնա տուն, երեխեդ մենակ է:

Մի քանի րոպե էլ մնացի, տուն զանգեցի, որոշեցի, որ ոնց էլ լինի, պիտի էդտեղից դուրս գամ: Այգու միջով վախվխելով դուրս եկա, հասա Մաշտոց, հետո մինչեւ Ամիրյան խաչմերուկ քայլեցի, Ամիրյանից տաքսի հանդիպեց, գնացի խմբագրություն:

Մենք 20 օր թերթ չենք տպել, արգելված էր: Պաշտոնական լրահոսից օգտվելը անիմաստ էր, իսկ անկախ խոսք՝ պարզապես անհնար էր: Բայց մենք աշխատել ենք: Ամերիկայի թերթի համար, համացանցից օգտվում էինք ինչ-որ պրոքսիներով: Քսանը օրը լրանալուց հետո մեր՝ մինչ այդ գրած նյութերը Այդինը դնում էր թերթում՝ առանց ստորագրության՝ մեզ հնարավոր տհաճություններից զերծ պահելու համար: Քսան օր մենք թերթ չենք տպել:

Սա Մարտի 1-ի կարճ արձանագրումն էր, ավելի մասնրամասն շատ եմ գրել տարբեր առիթներով:

Tekali Taxi