Home / Առողջապահություն / Երեխաների հանդեպ բռնությունն ունի երկարատև և ցավալի հետևանքներ

Երեխաների հանդեպ բռնությունն ունի երկարատև և ցավալի հետևանքներ

Երկու տարի առաջ մեկնարկել է հնգամյա՝ «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավը, որի նպատակն է նվազեցնել երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը։ Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, հանրային արշավի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են Հայաստանում երեխաների հանդեպ բռնության պատճառների ու կանխարգելման ուղիների մասին։

Վորլդ Վիժն-Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը տեղեկացրեց, որ Հայաստանում տասը երեխաներից յոթը պարբերաբար ենթարկվում են տարբեր տիպի բռնության։ Հիմնականում խոսքը վերաբերում է ֆիզիկական և հոգեբանական բռնությանը, ընդ որում, ոչ միայն մեծահասակների կողմից կիրառվող․ Հայաստանում լայն տարածում է գտել երեխաների միջև բռնությունը։

«15-ից 17 տարեկան տղաների շրջանում ամեն երկրորդը պարբերաբար բռնության է ենթարկվում կամ բռնության մաս է հանդիսանում՝ այս կողմից կամ այն կողմից։ Աղջիկների պարագայում ցուցանիշը մի քիչ ցածր է, բայց ևս ունենք բարձր ցուցանիշներ։ Եվրոպական երկրների հետ համեմատ, Հայաստանի ցուցանիշները շատ մտահոգիչ են», – ասել է Էդիլյանը։

Բոլոր տարիքային խմբերի երեխաների շրջանում հոգեբանական բռնության է ենթարկվում մոտ 65-66 տոկոսը, մոտ 35 տոկոսը՝ պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկվում։ «Պատժի ֆիզիկական մեթոդները շատ տարածված են մեր հասարակության մեջ», – շեշտել է կազմակերպության տնօրենը։ Այս խնդիրները նպաստեցին 2017 թվականին 12 կոզմակերպությունների համախմբմանը, և այդպես ձևավորվեց «Բռնությունը փոխարինենք սիրով» արշավը, որը մաս է կազմում գլոբալ՝ ՄԱԿ֊ի կողմից հռչակված «Վե՛րջ բռնությանը երեխաների նկատմամբ» քարոզարշավի։

«Շատ հաճախ հնչում է այն միտքը, որ երբ մենք Հայաստանում խոսում ենք որևէ խնդրից, միշտ խոսում ենք դրա օրենսդրական բացերից և տպավորություն է ստեղծվում, որ եթե մենք այդ օրենսդրությունը բարեփոխենք, ընդունենք բացակայող օրենսդրությունը, խնդիրը կլուծվի։ Բնավ այդպես չէ», ֊ իր հերթին, հայտարարել է մամուլի ասուլիսի ևս մեկ մասնակից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը։

Երեխաները, ասել է նա, մեր ներկան են, և երեխաներին պետք է պաշտպանել այսօր, որովհետև երեխան իրավունքի կրող է, այլ ոչ միայն հոգատարության օբյեկտ․ «Նա սուբյեկտ է, մարդ է և իրավունք ունի արժանապատիվ կյանքի, և բռնության որևէ տեսակից պաշտպանված լինելն այդ արժանապատիվ կյանքի երաշխիքներից մեկն է»։

Բռնությունից պաշտպանվելու հրամայականը դադարում է սոսկ իրավունք լինել, այն արդեն վերածվել է հանրային առողջության խնդրի, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը։ «90-ական թվականներին սկիզբ առավ մի հետազոտություն, որի մաս էին կազմում երեխաներ, որոնք հիմա մեծահասակներ են։

Հետազոտվում էր այն հանգամանքը, թե ինչպես են երեխայի կյանքում տարբեր բացասական փորձառությունները, իսկ այդպիսիք կարող են լինել ֆիզիկական, հոգեբանական բռնությունը, ֆիզիկական կամ հոգեբանական անտեսումը, կարող է լինել ծնողների ցավագին ամուսնալուծությունը, կարող է լինել ընտանիքում մտավոր առողջության, հոգեկան խնդիրներով տառապող անձի առկայությունը, ազատազրկված անձի առկայությունը և տարբեր նմանատիպ հանգամանքներ, ազդում երեխայի վրա։ Կախված նրանից, թե քանի նմանատիպ հանգամանք կար երեխայի կյանքում, երեխան հետազոտության շրջանակներում ստանում էր որոշակի գործակից, և ով ուներ ավելի շատ գործակից, այսինքն՝ ավելի մեծ թվով բացասական փորձառություններ էին ազդում նրա վրա, հետազոտությունն արդեն 25-30 տարի անց ցույց է տալիս, որ ոչ միյան այսօրվա մեծահասակների մոտ և, հետևաբար, ալսօրվա երեխաների պարագայում՝ վաղվա մեծահասակների մոտ, առկա են հոգեկան առողջության ամենատարբեր խնդիրներ․ դեպրեսիայից սկսած մինչև սուիցիդալ վարք, բայց նաև առկա են սոմատիկ հետևանքներ։ Օրինակ, 2 անգամ ավելի մեծ է սրտանոթային հիվանդություններ կամ քաղցկեղ ունենալու հավանականությունը, 10 անգամ ավելի մեծ է ալկոհոլամոլությամբ տառապելու հավանականությունը՝ մեծ տարիքում։ Եվ դա հիմք տվեց աշխարհի մի շարք կազմակերպությունների, որոնց թվում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԻՍԵՖԸ, ՄԱԿ֊ի մյուս կազմակերպությունները։ Բոլորը միավորվեցին այն գաղափարի շուրջ, որ երբ մենք այսօր պաշտպանում ենք երեխաներին, մենք փորձում ենք ստեղծել վաղվա հասարակություն»։

Համընդհանուր ջանքերը պետք է ուղղված լինեն երեխային պաշտպանելուն, իսկ տվյալ ջանքերի մեջ կան բազմաթիվ ռազմավարություններ, որոնք նշված կազմակերպությունները դիտարկել են համակցության մեջ։ Օրենսդրությունը ռազմավարություններից մեկն է․ պետք է աշխատել նորմերի և արժեքների վրա, ապահով միջավայր ստեղծելու, ծնողներին և խնամողներին աջակցություն ցուցաբերելու և տնտեսական հզորացման վրա, որովհետև աղքատությունը ևս բռնության աճի գործոն է հանդիսանում, արձագանքման և աջակցման ծառայությունների վրա, առանց որոնց հնարավոր չի լինի ոչ միայն արձագանքել, այլև արդյունավետ կանխարգելել բռնությունը, ինչպես նաև՝ կրթությունը և կյանքի հմտությունները։

«Օրենսդրական քայլերն անհրաժեշտ են այս՝ իմ կողմից վկայակոչված յուրաքանչյուր ոլորտում դրական արդյունքի հասնելու համար։ Դա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ Հայաստանը, դառնալով առաջամարտիկ երկիր «Վե՛րջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության մեջ, պարտավորվել է ընդունել գործողությունների ծրագիր՝ 3-ից 5 տարի կտրվածքով», ֊ մասնավորապես, պատմել է Օհանյանը։

Ինչ վերաբերում է համապատասխան օրենսդրությանը, դրա բաղկացուցիչ տարրերից է ֆիզիկական պատժի արգելքը բոլոր իրավիճակներում՝ տանը, դպրոցում, սպորտային խմբակներում և այլն։ Մյուս կողմից, նկատել է մասնագետը, որոշակի առումով բաց է հոդվածի խախտման հետևանքների կարգավորումը․ «Իհարկե, մենք ունենք հոդվածներ Քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որոնք վերաբերում են ծնողների կողմից իրենց պարտականությունը ոչ պատշաճ կատարելուն, բայց քանի որ օրենսդրությունը բավարար դետալացված չէ և հաշվի չի առնում բռնության որպես երևույթի սոցիալական և իրավական առումով տարբեր լինելու հանգամանքը, հետևաբար, շատ դժվար է այդ օրենսդրությունը կյանքի կոչել, որովհետև հարց է առաջանում․ եթե մենք գործ ունենք դաժան ֆիզիկական պատժի հետ՝ մի դեպքում, և երկու ապտակի հետ՝ մյուս դեպքում, ի՞նչ առումով տարբերակված մոտեցում կարող է ցուցաբերել իրավապահ համակարգն այս դեպքերին։ Եվ նման բազմաթիվ հարցեր»։

Իսկ որտեղի՞ց են գալիս բռնությունը որպես դաստիարակչական մեթոդ կիրառելը։ Ըստ «Երեխաների պաշտպանության ցանց»֊ի նախագահ Աիդա Մուրադյանի՝ կա տեսակետ, որ բոլոր տեսակի բռնությունների հիմքում ընկած է ընտանեկան բռնությունը․ «Երեխաները, որոնք ընտանիքում բռնության են ենթարկվում, առավել հակված են ևս բռնարար դառնալուն։ Բռնությունն իրականում ունի շատ ավելի երկարատև և ցավալի հետևանքներ, քան մենք կարող ենք պատկերացնել։

Մեծ Բրիտանիայի առողջապահական հետազոտությունների ինստիտուտը մի ուսումնասիրություն է կատարել կանանց շրջանում։ Համեմատել են այն կանանց, ովքեր մինչև 18 տարեկանը պարբերաբար բռնության են ենթարկվել ընտանիքում, այն կանանց հետ, ովքեր բռնության չեն ենթարկվել։ Պարզվել է, որ պարբերաբար բռնության ենթարկված կանանց՝ մինչև 50 տարեկանը մահանալու հավանականությունն 80 տոկոսով ավելի է, քան այն կանանց մոտ, ովքեր բռնությանը չեն ենթարկվել։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս կապը բռնության և հոգեկան խնդիրների առաջ գալու հետ․ մարդկանց, ում մոտ ավելի մեծ տարիքում հոգեկան խնդիրներ են ի հայտ եկել, այդ խնդիրների 30 տոկոսը կապված է մանկության ընթացքում բռնության ենթարկվելու փաստի հետ»։

Եվ, չնայած նրան, որ Հայաստանում 10 երեխաներից 7-ը բռնության որևէ տեսակի են ենթարկվում, «Երեխաների պաշտպանության ցանց»-ի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս․ ծնողների 67 տոկոսը չի համարում, որ բռնությունը դաստիարակչական արդյունավետ մեթոդ է։ Միևնույն ժամանակ, հարցվածներն ասել են, որ իրենք այլ մեթոդի չեն տիրապետում։ Այս համատեքստում Մուրադյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում ծնողավարությունն ամենալայն ուսումնասիրություն գտած հոգեբանության ճյուղն է։ Կան հարյուրավոր մեթոդաբանություններ, հուշումներ այն մասին, թե ինչպես ծնողները կարող են ավելի երջանիկ, կայացած և առողջ երեխաներ դաստիարակել․ «Ստացվում է, որ ամենակարևոր մասնագիտությանը, ինչպիսին է ծնող լինելը, մեզ գրեթե ոչ մի տեղ չեն սովորեցնում։

Ես, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ուզում եմ մի քանի խորհուրդ, կարծիքներ կիսել ծնողների հետ։ Նախ, պետք է ընդունենք, որ սեփական օրինակով երեխային դաստիարակելը ոչ թե ամենալավ, այլ միակ ձևն է, որովհետև պետք է հիշենք, որ չկա օրվա կոնկրետ ժամ, կոնկրետ վայր, մեթոդ՝ դաստիարակելու համար։ Երեխաներն ապրում են մեզ հետ և սպունգի նման կլանում այն միջավայրի ազդեցությունը, որում մեծանում են։ Հետևաբար, ծնողներն են հանդիսանում այն էտալոնը, այն մեկն, ում երեխաներն ընդօրինակում են։ Եվ այն երեխաները, որոնք պարբերաբար ծեծի են ենթարկվում ընտանիքում, ընդունում են ծեծը որպես խնդիրների լուծման ունիվերսալ մոտեցում և իրենց շրջապատում էլ առաջացած խնդիրների դեպքում նման կերպ են արձագանքում»։

Tekali Taxi