Home / Ոստիկանություն / Ոստիկանությունը փրկում է «ռոբադաշնակցականներից» մեկին «ինքնադատաստանից»

Ոստիկանությունը փրկում է «ռոբադաշնակցականներից» մեկին «ինքնադատաստանից»

Քաղաքացիական ակտիվիստ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Հարությունյանի վրա հարձակման մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է, նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը։

Հունիսի 3-ին Վարդան Հարությունյանը ոստիկանությանը հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 13.30-ին Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (ծեծ)։

Տուժողը թերահավատ է ոստիկանության աշխատանքի վերաբերյալ և նշում է, որ հարձակվողները «ռոբադաշնակցական» են, ինչի մասին գրել է ֆեյսբուքում երկրորդ հարձակումից հետո․

«․․․նորից են հարձակվել օրը ցերեկով աշխատանքիս վայրի հարևանությամբ։ Ոստիկանությունը այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։

Հ․Գ․ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք», – նշել է ներկայացված լուսանկարը հրապարակած Հարությունյանը»։

Սա ակտիվիստի նկատմամբ բռնության երկրորդ դեպքն է։ Մայիսի 20-ի գիշերը նա ևս հարձակման էր ենթարկվել, որից հետո համոզմունք էր հայտնել, որ կատարվածը կապ ունի նախօրեին տեղի ունեցած ակցիայի հետ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից հետո քաղաքացիները բողոքի քայլերթ էին անում, և ճանապարհին միջադեպ էր գրանցվել ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի հետ: