«Հաճելի անակնկալ»` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը պահվածքն այսպես են բնութագրում վրաց փորձագետները:
Այս շաբաթ ՄԱԿ-ում ներկայացված հայ դիվանագետները, առաջին անգամ 2008 թվականից ի վեր, որոշեցին չմասնակցել Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված վրաց փախստականների ճակատագրին նվիրված բանաձևի շուրջ քվեարկությանը: Նախորդ տարիներին Հայաստանը մշտապես դեմ էր քվեարկում Վրաստանի այս նախաձեռնությանը` արժանանալով թբիլիսյան քաղաքական և քաղաքագիտական շրջանակների կոշտ քննադատությանը:
Ինչպես հայտնում է «Ազատությունը», քաղաքագետ Գիորգի Գոբրոնիձեի համոզմամբ` Հայաստանի պատվիրակության վերջին քայլից հետո տրամադրությունները Վրատանում կարող են և փոխվել: «Դա միանշանակորեն դրական փաստ է, քանի որ Հայաստանը վերջին 10 տարիների ընթացքում մշտապես քվեարկում էր Վրաստանի նախաձեռնության դեմ: Այդպես վարվելով, Հայաստանը, մի կողմից, իր հավատարմությունն էր ցուցադրում [Մոսկվային]` հանդես գալով հակառուսական բանաձևի դեմ: Մյուս կողմից, վրացական կողմի առաջարկած բանաձևին դեմ արտահայտվելով, հայկական կողմը պրագմատիկ մոտեցում էր ցուցաբերում` նախևառաջ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված խնդիրներից ելնելով։ Այս անգամ, քվեարկությանը չմասնակցելով, Հայաստանը, մի կողմից, խուսափեց Ռուսաստանի հնարավոր դժգոհություններից, մյուս կողմից էլ, սակայն, հայերը իրենց զերծ պահեցին վրաց հանրության մի մասի քննադատությունից»։
Վրաստանի ներկայացրած «Բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին» բանաձևի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի անդամ 79 պետություններ, 15 երկիր դեմ էր, ևս 57 պետություններ ձեռնպահ են քվեարկել: Վրաստանի ներկայացրած բանաձևին դեմ քվեարկած 15 պետությունների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Սիրիան, Լաոսը, Վիետնամը, Մյանման:
«Փաստաթուղթը դատապարտում է Վրաստանի [օկուպացված] տարածաշրջաններում իրականացված բռնի ժողովրդագրական փոփոխությունները և վերահաստատում է անխտիր բոլոր փախստականների` հայրենի օջախներ վերադառնալու իրավունքը: Այս փաստաթուղթը նաև գործնական բաղադրիչ ունի: Այն հանձնարարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ամեն տարի Վրաստանում փախստականների կացության վերաբերյալ հատուկ զեկույց նախապատրաստել», – Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: