Home / Դատարան / Եթե ձեն հանեք, սաղիդ կսատկացնեմ․ ինչպես է Մանվել Գրիգորյանը կոծկել մարդասպանության գործը

Եթե ձեն հանեք, սաղիդ կսատկացնեմ․ ինչպես է Մանվել Գրիգորյանը կոծկել մարդասպանության գործը

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Զինվորական դատախազության բողոքը և քննություն սկսել 25 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով։ Դատախազության պահանջն է՝ Աշտարակի շրջանային ժողդատարանի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան։

2018 թվականի հուլիսին ոստիկանություն է դիմել ռուսաստանաբնակ Էդուարդ Պողոսյանը և հայտնել, որ խեղաթյուրվել են 1994 թվականին տեղի ունեցած իր հոր սպանության փաստերը։ Պողոսյանը պնդում է, որ 1994 թվականին նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրատ Գրիգորյանը երկու կրակոցով սպանել է իր հորը՝ գործարար, Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանին, սակայն Մանվել Գրիգորյանի օժանդակությամբ ազատազրկվել է ընդհամենը մեկ տարով և դուրս  եկել բանտից ազատազրկումից երեք ամիս անց՝ լավ վարք դրսևորելու հիմնավորմամբ։ Պողոսյանի ներկայացրած փաստերի և վկայությունների հիման վրա դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ դատարանի նիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին․ դատարանը շարունակելու 25 տարվա վաղեմության դատավճռի բեկաման մասին զինդատախազ Վահե Հարությունյանի բողոքի քննությունը:

«Զախարիչ, լավ մտածիր, թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ»

«Այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը մեծ իշխանություն ուներ Էջմիածնում և ամբողջ Հայաստանում։ Եղել է դիտավորյալ սպանություն Հրանտ Գրիգորյանի կողմից։ Ականատեսները միայն հիմա են նշում, որ այն ժամանակ Մանվելը բոլորին հավաքել է ու սպառնացել՝ եթե ձեն հանեք, սաղիդ կսատկացնեմ։ Արդյունքում քրեական գործը նենց են սարքում, որ Հրանտ Գրիգորյանը ուրիշ հոդվածով է նստում՝ ընդամենը երեք ամիս, որից հետո ազատ է արձակվում, հետո էլ պատգամավոր դառնում, ― Infocom.amի հետ զրույցում պատմում է Էդուարդ Պողոսյանը, ― Հստակ չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Հայրս հողատարածք է ունեցել Աղրլ (Ակնա) լճի մոտ, սեփականության իրավունքը ես չեմ տեսել ու հստակ չգիտեմ։ Հիմա այդ տարածքում է գտնվում Մանվելի առանձնատունը, որտեղից գտան այդ տուշոնկաները։ Սպանությունից հետո՝ տարիներ անց, երբ հետ եկանք Էջմիածին, ճանապարհին տեսա մի պաստառ. «Հրանտ Գրիգորյան. ընտրե՛ք բարեգործին»։

«Մինչև հեղափոխությունը՝ նայելով Հայաստանի սիտուացիային, ես ընդհանրապես համոզված եմ եղել, որ ոչ մի իմաստ չկա [այս գործով] զբաղվել։ Մի հանգամանք էլ կար․ այստեղ էին ապրում իմ բարեկամները։ Եթե ես սկսեի այս հարցը բարձրացնել, թեկուզ Ռուսաստանից, [նրանք կարող էին խնդիրներ ունենալ], ―  հանրային հեռուստատեսության տաղավարում պատմում է Պողոսյանը, ― Ամենաառաջին օրվանից․․․իմ պապը երկար տարիներ եղել է Արշալույս գյուղի կոլխոզի նախագահ, լավ ճանաչել է իրենց ընտանիքին։ Անմիջապես սպանությունից հետո Մանվել Գրիգորյանը եկել է մեր տուն, որպեսզի պապիկիս հետ խոսի, փորձի պայմանավորվել ինչ-որ ձևով։ Ես փոքր երեխա եմ եղել, բայց լավ հիշում եմ։ Դուրս գալուց այսպես ֆռաց, նայեց պապիին, ասեց՝ Զախարիչ, լավ մտածիր, թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ։ Մյուս օրը, երբ մաման տանում էր մեզ դպրոց, մեր կողքով շաբաթը երևի երկու-երեք անգամ սպիտակ Նիվա էր դանդաղ գալիս։ Չեմ կարող ասել, որ հետևում էին մեզ։ Իրենք հենց ցույց էին տալիս, որ մենք այստեղ ենք, նայում ենք՝ զենքերը ձեռքը։ Մամայի հետ եկանք տուն․․․տարբեր ձևի մարդիկ են եկել-գնացել մեր տուն․․․ պապին եկավ, մամային ասաց՝ Դիանա, շորերդ հավաքիր, երեխեքին հավաքի, գնացեք այստեղից»։

«Այն տարիներին Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն այնքան վայրենի էին իրենց պահում Էջմիածնում, որ անիմաստ էր գնալ դատարան, ցուցմունք տալ։ Հենց Մանվելին կալանավորեցին, որոշեցի, որ մեծ փոփոխություններ են լինելու, ― ասում է Պողոսյանը․― Հետո ես մեր տանը գրություն գտա, որը ստորագրված էր այն ժամանակվա պաշտպանության նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի կողմից։ Գրված էր, թե, իբր, իմ հայրը սպանվել է Արցախում՝ կռվի ժամանակ։ Բայց իմ հայրն իրականում չի մասնակցել պատերազմին։ Հայրս գործարար է եղել, կռվի մասնակիցներին օգնել է միայն։ Ու ամենաաբսուրդն այն է, որ թուղթը մակագրված է 1993 թվականով, սակայն իմ հայրը սպանվել է 1994 թվականին»։

Թե ինչպես է մահապատիժ նախատեսող հոդվածը օրում փոխվել և վերածվել ընդամենը 1 տարվա ազատազրկման

Փաստաբան Զարուհի Մեջլումյանը, ով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներկայացնում է Էդուարդ Պողոսյանի շահերը, նշում է, որ Մանվել Գրիգորյանի հովանավորչությամբ տեղի է ունեցել ընտրովի արդարադատություն։

«Զինդատախազին Էդուարդ Պողոսյանն է հասել, ինքն է դիմում գրել, և Զինվորական դատախազությունը վարույթ է սկսել։ Էդուարդ Պողոսյանը՝ իմանալով, որ ես զբաղվում եմ հին ժառանգության քրեական գործերով՝ սկսած 1990-ականների սկզբից, դիմել ինձ համացանցով և ուղարկեց իր ձեռքի տակ եղած նյութերը․ մամուլի հրապարակումներ, կցկտուր փաստեր, ― հանրային հեռուսատեսության տաղավարում ասել է Մեջլումյանը․ ― Եվ ես տեսա – այ քեզ զարմանք – քրեական գործը հարուցվել է 1961 թվականի Քրեական օրենսգրքով․ այն ժամանակ 99 հոդվածն է դրվել։ Ապրիլի 17 քրեական գործ է հարուցվել, դեպքը եղել է ապրիլի 16-ին։ Մեկ օր անց քրեական գործ է հարուցվում և հարուցվում է 99 հոդվածի հատկանիշներով՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն։ Եվ հետո, ընդհամենը մի քանի օր անց, ապրիլի 26-ին գրչի թեթև հարվածով վերաորակվում է հանցանքը և Հրանտ Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, ներգրավվում է այս գործում [սպանության համար] քրեական օրենսգրքի թերևս ամենաթեթև հոդվածով՝ զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում, դա 259-ի պրիմ 1-ն էր։ Թեպետ դատարանը մեկից տասը տարվա ազատազրկման հայեցողություն ուներ, այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ դատարանը ամենամեղմ պատժատեսակն է ընտրում՝ մեկ տարվա ազատազրկումը։»

Դատարանը Հրանտ Գրիգորյանին դատապարտել է այդ հոդվածով ամենամեղմ՝ մեկ տարվա ազատազրկում պատժի, այն էլ՝ Մեղրիի ուղղիչ հիմնարկում՝ բաց ռեժիմով։

«Փաստորեն դատավորը Հրանտ Գրիգորյանին որոշում է տալ ամենամեղմ պատիժը։ Բաց ռեժիմը, իհարկե, չես համեմատի փակ ռեժիմի հետ։ Իսկ արդեն երեք ամիս պատիժը կրելուց հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում՝ լավ վարք դրսեւորելու հիմքով», – infocom.am-ին պատմել է Մեջլումյանը։

Ըստ փաստաբանի՝ անհասկանալի է նաև այն հանգամանքը, որ Հրանտ Գրիգորյանը, լինելով հմուտ զինվորական, վարպետորեն տիրապետել է զենքին, սակայն նրա վրա տարածվել է զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում հոդվածը, և այդ մոտիվը որևէ կերպ չի հիմնավորվում։ «Այն էլ երկու կրակոցի պարագայում մեկը՝ կրծքավանդակին, մյուսը՝ գլխին»,- պարզաբանում է տուժողի որդին։

Զարուհի Մեջլումյանի կարծիքով, եթե Հրանտ Գրիգորյանը չլիներ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, չի բացառվում, որ նա մինչ օրս լիներ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգերորոդ հարկում, որտեղ պատիժ են կրում մահապատժի, ապա ցմահ դատապարտյալները։