Սևանում հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է, և այն պետք է վերականգնվի։ Կատարվող աշխատանքները արտակարգ ռեժիմի բնույթ պետք է կրեն։ Ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ պատշաճ գործունեության հետևանք է։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Կառավարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների աննախադեպ «ծաղկման» և լճի ճահճացման խնդրին, ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Այսօրվա դրությամբ Սևանի «կանաչապատման» գործընթացները զգալիորեն նվազել են, իսկ ջրի մակարդակը 1 սմ–ով ավելացել է։ Ջրբացթողման հետ կապված ասեմ, որ 25 մլն խորհանարդ մետր ավելի քիչ է ջուր վերցվել, քան նախորդ տարի այս օրը։ Բացի այդ՝ [հիմա] ջրային կոմիտեի ներկայացված ջրառի հայտից պակաս ջուր է վերցվում, այսինքն` մենք պնդել ենք, որպեսզի լրացուցիչ նվազեցումներ արվեն ջրառի հետ կապված», – ասաց Գրիգորյանը։
Նախարարը հավաստիացրեց, որ ստեղծված իրավիճակը անդառնալի չէ։ Նախարարությունը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ, ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում՝ ճահճացման դեմ առնելու համար։ Ի՞նչ ծավալի աշխատանքների մասին է խոսքը, նախարարը չհստակեցրեց։
Հիմնական խոսակցությունը հեռանկարային ծրագրերի շուրջ էր։ Օրինակ, նախարարը պատմեց, որ Սևանի առաջիկա երկու տարվա մաքրման ծրագիրը 770 հա տարածք կներառի, որ նախարարությունը երեք մաքրման կայանների (Մարտունի, Վարդենիս, Գավառ) վերաբերյալ կառավարությանը գնառաջարկ է ներկայացրել, որ այս պահին ուսումնասիրություններ են կատարվում գետերի մաքրման հետ կապված։ Խոսեց նաև բացթողումների, վերջին տարիներին «Սևան ազգային պարկի» հատ կապված քրեական գործերի մասին։ Մասնավորապես, նշեց, որ Սևանում կատարված մաքրման աշխատանքների հետ կապված քննչական գործողություններ են տարվում, Արփա–Սևան թունելի շինարարության գործընթացում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև՝ ջրօգտագործողների միությունների կողմից ավել ջրապահանջարկի ու կեղծ փաստաթղթերի առնչությամբ կան հարուցված քրեական գործեր։
Իսկ թե ի՞նչ ժամկետներում կկարգավորվի Սևանի ճահճացման խնդիրը և ովքե՞ր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, նախարարը հստակ պատասխաններ չտվեց։ Նշեց, որ նմուշներ են ուղարկվել, փորձաքննություններ և փորձարկումներ են իրականացվում, աշխատանքներ են արվում, արդյուքների մասին կխոսի առանձին (երբ արդյունքերը լինեն)։
Հիշեցնենք, որ խոսքը վերջին շրջանում Սևանի կապտականաչ ջրիմուռների աննախադեպ ծաղկման և լճի ճահճացման մասին է։ Ըստ նախնական տվյալների, ճահճացումը պայմանավորված է մի քանի գործոններով։ Մասնավորապես, խոսք է գնում Սևանում ջրի մակարդակի, հատկապես՝ սառը շերտի նվազման, Գեղարքունիքի կեղտաջրերի և կոյուղաջրերի, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտող նյութերի դեպի լիճ արտահոսքի, ձկնապաշարների որսի անվերահսկելիության և Սոթքի հանքավայրի ազդեցության մասին։
Հաղորդվում է, որ Սևանա լճում լողալն այժմ կարող է վտանգավոր լինել առողջության համար, քանի որ ծաղկման մեջ գտնվող կապտականաչ ջրիմուռները տոկսիկ նյութեր են արտադրում։ Ջրիմուռների ծաղկումը կտևի 1,5 -2 ամիս, այնուհետև նրանք կմահանան, կիջնեն հատակը և կստեղծեն ֆոսֆորի ու ազոտի նոր շերտ, ինչը նոր խնդիրներ կառաջացնի և նոր լուծումներ պահանջում։
Հիշեցնենք նաև, որ նշված խնդիրները կանխարգելելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Սևան ազգային պարկում համալիր տեսչական ստուգումներ էր նախատեսել։ Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո, սակայն, տեսչական ստուգումները չեղարկվեցին։ Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգումներ չեն իրականացվել, խնդիրների մեծ մասը, որոնց մասին ամիսներ առաջ ահազանգում էր տեսչական մարմինը, մնացել են չլուծված։