Գլխավոր / Կրթություն / Հայերեն ռոմանո-գերմանական ատենախոսությունները․ ԲՈԿ-ի ղեկավարի ասուլիսը

Հայերեն ռոմանո-գերմանական ատենախոսությունները․ ԲՈԿ-ի ղեկավարի ասուլիսը

Շատ գիտնականների ատենախոսությունների մեջ, օրինակ, գրված է՝ «Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել է»։ Մենք պետք է հասկանանք՝ արդյոք Հայաստանում մի բան առաջին անգամ անելը գիտական գործունեություն է ենթադրում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Բարձրագույն որակավորման կոմիտեի(ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը՝ ընդգծելով․ Բարձագույն որակավորման կոմիտեում այսօր բազմաթիվ համակարգային խնդիրներ կան, որոնք հստակեցման կարիք ունեն։

«Առ այսօր մենք չենք խորացել գիտական բովանդակություն ստեղծելու մեջ, ինչը շատ ավելի բարդ է, քան թափանցիկության պրոցեսի ապահովումը։ Մեր այս տարվա գերխնդիրն էր ապահովել այնպիսի պրոցես, որպեսզի կեղծումներն ու մախինացիաները հնարավորինս քիչ լինեն։ Գիտական բովանդակության խնդիրը այդքան էլ ԲՈԿ-ի գործառույթների մեջ չէ։ ․․․Կմիջնորդենք նախարարին, որպեսզի մեր կանոնադրությունը փոխվի և ունենանք ավելի շատ գործառույթներ,» – ասել է Գոգյանը:

Թեև հաստատված ատենախոսությունների քանակը էապես նվազել է, դա դեռ չի նշանակում, որ պաշտպանվող ատենախոսությունների որակը զգալիորեն բարձացել է, ասել է Գոգյանը։ ԲՈԿ-ի նախագահը տարածված և դեռևս չհստակեցված խնդիրներ մի քանի օրինակ է բերել․

«Բանասիրական գիտություններից անցյալ տարի հաստատվել է 40 ատենախոսություն, այս տարի՝ 12: 

Գլխավոր հարցը, որ մենք ունեինք՝ ուղղված մասնագիտական խորհրդի նախագահին և ԲՈՒՀ-ին՝ ինչո՞ւ են, օրինակ, ռոմանո-գերմանական լեզուների վերաբերյալ ատենախոսությունները գրվում հայերեն։ Այդ հարցի պատասխանը սկզբունքորեն նրանք չունեին։ 

Օրինակ, մաթեմատիկայում՝ այն բնագավառում, որտեղ ես եմ գիտությամբ զբաղվում, պարտադիր պայման է, որ ընդդիմախոսներից մեկը լինի արտասահմանցի գիտնական, ինչի արդյունքում մենք բոլորս մեր ատենախոսությունները գրում էինք անգլերեն կամ ռուսերեն լեզվով, ինչը բացառում էր մեր բնագավառում նաև պլագիատը, արտագրությունները, գրագողությունը և եղածի ուղղակի վերաշարադրումը։ Պայմանավորվեցինք, որ նրանք նույնպես կգնան այդ ճանապարհով:

Մենք նկատել ենք նաև, որ որոշ ոլորտներում կա գիտությունը ինժեներությունից տարբերակելու խնդիր։ Թեև ինժեներությունը գիտության հետ կապ ունի, ամեն ինժեներություն չէ, որ գիտություն է։ Գյուտարարությունն էլ պարտադիր չէ, որ լինի գիտության ձեռքբերում։ Կա նաև գիտական մեթոդի, գիտական բնագավառի նպատակի հասկացություն հստակեցման խնդիր։ Շատ մարդկանց՝ հիմնականում հայցորդներին, թվում է, որ տվյալների հավաքագրումը գիտություն է, մինչդեռ դա ուղղակի տվյալների հավաքագրում է, որը գիտական գործունեության հետ կապ կարող է չունենալ,» – ասել է Գոգյանը։

Անդրադառնալով նախկինում տրամադրված գիտական աստիճանների և հաստատված ատենախոսությունների վերստուգման հարցին, որը արդիականացվել է հատկապես դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ մեղադրվող Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո, Գոգյանը նշել է՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն անցյալին նայելու, իրավական, քաղաքական կամ բարոյական գնահատական տալու, նախկինում հաստատված ատենախոսությունները չեղարկելու իրավասություն չունի։

«[Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը] Հայաստանի պատմության մեջ, վերջին մեկ տարվա մեջ միակ մարդը չէ, իհարկե, որի վերաբերյալ այդ խնդիրը եղել է։ 

Անցյալ տարի օգոստոսին կամ սեպտեմբերին ես հայտարարեցի, որ երկու ռեկտոր ունեն իրենց ատենախոսությունների հետ խնդիր, և այդ երկուսը շատ արագ դիմում գրեցին և գնացին, ու առանձնապես հանրությունը չիմացավ, թե ում մասին է խոսքը։ Ես ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային և ոչ թե անձնական՝ շոու սարքելու նպատակով։

ԺՈՂ-ի [տնտեսագիտական համալսարանի] նախկին ռեկտորի դեպքը արդյունք է նրա, որ երկու կողմերի միջև կար շահերի բախում, բախման արդյունքում խնդիրը շահարկումների առիթ տվեց, վարչապետի անունից հանձնարարական եկավ Կրթության և գիտության նախարարություն, նախարարությունում նախարարը մակագրեց այն Բարձրագույն որակավորման կոմիտե, հանձնաժողով ստեղծվեց, հանձնաժողովը միաձայն եզրակացություն տվեց, որ ԺՈՂ-ի նախկին ռեկտորի ատենախոսությունում իսկապես կան արտագրության մեծածավալ դեպքեր։

Անցյալին նայելու իրավասություն ԲՈԿ-ը չունի։ Եթե ես հիմա ասեմ, որ այս ԲՈՒՀ-ի ռեկտորի դոկտորականը նայել եմ և այն արտագրված է, դուք կհարցնեք` իսկ դուք ձեր կանոնադրության ո՞ր կետի հիման վրա եք դա արել։ Ես կպատասխանեմ, որ ոչ մի, ինչի արդյուքնում դուք կասեք, որ ես իմ լիազորությունները չարաշահել եմ և իրավացի կլինեք։ Ես պետք է հանձնարարական ունենամ կամ ինչ-որ հանձնաժողով պետք է ստեղծվի, որը պարտադիր չէ, որ ԲՈԿ-ը ստեղծի։ 

Ոլորտային խնդիրները պետք է լուծեն ոլորտները, ես կարծում եմ՝ պետք է ստեղծվի մարմին, որն այդ խնդիրը կուսումնասիրի։ ԲՈԿ-ը պետք է նայի այդ խնդրիը վերջին ինստանցիայում։ 

Ես դեմ չեմ, մենք կարող ենք այդ ամենն անել, բայց որպես այդպիսին ես չեմ կարող ինքս նախաձեռնել այդ գործընթացը, եթե չլինի համապատասխան դրություն։ ԲՈԿ-ին վերաբերող ոչ օրենքում, ոչ ԲՈԿ-ի կանոնակարգերում մեջ ոչ մի դրույթ չկա եղած անցյալին իրավական, քաղաքական կամ մարդկային, բարոյական գնահատական տալու։ Մենք դա կարող ենք միասին անել, ես կմասնակցեմ, բայց ոչ թե որպես ԲՈԿ-ի նախագահ, այլ որպես շարքային Գոգյան Սմբատ, որը հետաքրքրված է ոլորտը մաքրելով,» –  ասել է Սմբատ Գոգյանը։

Tekali Taxi