հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Դեռևս ունենք դպրոցներ, որոնց տնօրենները իրենց բդեշխիկներ են համարում

Դեռևս ունենք դպրոցներ, որոնց տնօրենները իրենց բդեշխիկներ են համարում

«Մեր հանրակրթությունը այժմ միտված չէ հարցեր տալու, սովորողի մոտ կասկածներ առաջացնելու և այդ հարցերի միջոցով խոսույթ ու միտք ձևավորելու։ Գործում է հնացած, վերևից ներքև գիտելիքի պարտադրանքի փոխանցման այժմ միակ մեթոդը։ Սովորողի մոտ իրական կյանքի հետ առնչվող կիրառելի հմտություններ ձևավորելը մղված է երկրորդ, երբեմն նույնիսկ երրորդ պլան», –  այսօր տեղի ունեցած գիտագործնական համաժողովին այս մասիմ ասաց պատմաբան, կրթության ոլորտի փորձագետ Վահրամ Թոքմաջյանը՝ ընդգծելով՝ տարիներ շարունակ կրթության ոլորտը օգտագործվել է քաղաքական և տնտեսական նպատակներով, ծառայեցվել օրվա իշխանություններին, խեղաթյուրվել և հայտնվել ճգնաժամային իրավիճակում։

«Տնտեսական հեղափոխություն․ ընկալումը և գործարկումը» խորագրով համաժողովին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, գիտական և գործարար համայնքների ներկայացուցիչները։ Տնտեսական հեռանկարների քննարկման շրջանակում կենտրոնական թեմաներից էր նաև կրթության և գիտության ոլորտների զարգացման հարցը։

Համաժողովի ընթացքում Թոքմաջյանը հանդես եկավ «Կրթությունը և հեղափոխությունը» զեկույցով, որով ներկայացրեց առաջարկությունների մի ծավալուն փաթեթ՝ միտված հանրակրթության ոլորտում առկա մի շարք համակարգային խնդիրների կարգավորմանը․

«_Բարեփոխել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը: Բովանդակության մեջ ներառել կիրառելի հմտություններ:

_Մրցութային կարգով հնարավորություն տալ առաջատար հանրակրթական դպրոցներին՝ մասնակցելու հավաստագիր ստանալու հայտ ներկայացրած անձանց վերապատրաստման ամբողջ գործընթացին՝ պատասխանատու լինելով վերապատրաստման որակի համար:

Այս ոլորտում մենք ունենք մի քանի մոնոպոլ կազմակեպություններ, որոնք իրականացնում են այդ գործընթացը, իմ առաջարկն է՝ ստեղծել դպրոց֊կենտրոններ, որոնք անմիջական մասնակցայնություն կունեն հանրակրթության կառավարման կազմակերպմանը։

_…Սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ծնողներին և մանկավարժական համակազմին գործուն և արդյունավետ ազդեցություն ունենալ որոշումների կայացման, այդ թվում՝ տնօրենի ընտրության վրա:

Այժմ 4/4֊ն է գործում, նոր նախագծով 3/3 սկզբունքը կգործի, բայց առաջարկում ենք ներառել 60/40 համամասնությունը։

_ Կիրառել տնօրենի հետկանչի մեխանիզմ: Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդի առաջարկած Զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները դարձնել չափելի:

Այժմ տնօրենի կավակնորդ անձինք մի շաբլոնի վրա Զարգացման ծրագիր են ներկայացնում, որտեղ 25 էջից 18 էջը նկարներ են՝ ինչ֊որ գրաֆիկներ, որոնք իրականության հետ կապ չունեն, մի յոթը էջ էլ որոշակի ֆանտազիայի արդյունք է, որը երբեք որևէ մեկը չի գնում մեկ կամ երկու տարի հետո չափում, ասում՝ «արի տեսնենք ինչ ես արել էս տարիների ընթացքում»։ Մենք դեռևս ունենք տնօրեններ, որոնք տեղերում իրենց համարում են բդեշխիկներ, սա զսպող մեխանիզմ կհանդիսանա․․․

_ Խորհրդի կազմում քվեարկության ձայնի իրավունքով չներառել կառավարության կողմից ներկայացված անդամների, մարզպետարանների, լիազոր մարմնի, ՏԻՄ կողմից ներկայացված անդամներ, նրանց տալ միայն խորհրդակցական ձայնի իրավունք։

_ Առաջարկում ենք Խորհրդի կազմում ներառել դասավանդողների և ծնողների՝ 60/40 հարաբերակցությամբ՝ բարձրացնելով դպրոցի կամ հանրակրթական ուսումնական հաստատության ինքնավարության աստիճանը։

_ Օրենքով հստակեցնել մանկավարժական աշխատողի կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները: Ներդնել հավաստագիր։

Օրենքի ներկայիս դրույթը, որն առնչվում է մանկավարժի որակավորմանը, հանդիսանում է խոչընդոտ: Օրինակ, մենք 10֊րդ դասարանի հասարակագիտության դասընթացում ունեն տնտեսագիտություն, բայց մենք չունենք որևէ ԲՈՒՀ, որը տալիս է տնտեսագետ֊մանկավարժի որակավորում։ Իսկ օրենքը արգելում է առանց մանկավարժական որակավորման մարդ ունենալ դպրոցում։ Միառժամանակ հիմա դա չի կիրառվում, բայց խնդիրը կա։

_ Հանրակրթական ուսումնական հաստատություններում լայնորեն կիրառել մենթորության համակարգը, ինչը հնարավորություն կտա ամրապնդել ԲՈՒՀ֊դպրոց կապը․․․

Սա նաև առնչվում է ավագ դպրոցի խնդրին։ Ավագ դպրոցի ամբողջ փիլիսոփայությունն այն է, որ ավագ դպրոցն ավարտած մարդն ունենա մինիմալ գիտելիքներ հիմնարար դիսցիպլինների վերաբերյալ, բայց այսօր ավագ դպրոցն ավարտած մարդն ընդունվում է մաթեմատիկայի ֆակուլտետ և անցնում է պատմություն․․․ Այսինքն՝ այդ ժամավաճառության մեխանիզմը ԲՈՒՀ֊ից վերացնել է պետք՝ իր խորքային հետևանքներով։

_ Օպտիմալացնել վարչական և սպասարկող անձնակազմերը։

_ «Կրթության մասին» օրենքի համաձայն, «պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

Կրթությանը ծախսերը ՀՆԱ կազմում տարեցտարի կրճատվում են․ 2018 թ.՝ 2.18%, 2019 թ.՝ 1.99%, 2020 թ.՝ 1.85%:

Անհրաժեշտ է կրթության ոլորտի ֆինանսավորումը բերել օրենքի պահանջի նվազագույնին:

_ Համահարթեցնել մարզ֊Երևան աշխատավարձային տարբերությունները [Սովորող-թիվ ֆինանսավորումն համակարգի հետևանքով Երևանում և մարզում աշխատող ուսուցիչները կատարում են նույն բովանդակության, նույն ծավալի և նույն ոլորտի աշխատանք, սակայն ստանում են էապես տարբերվող աշխատավարձեր]:

_ Հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը կազմակերպել ուղղակի, առանց միջնորդավորված մարմինների՝ Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների:

Երբեմն մարզպետարանների ձեռքին սա գործիք է դառնում և որպես դագանակ կիրառվում իրենց համար պերսոնա նոն գրադա տնօրենների նկատմամբ։

_ Էապես նվազեցնել Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների դերը, գործառույթները:

_ Կարգավորել և հստակ տարանջատել ԿԳՍՄ, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի լիազորությունները…

_ Մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթները կազմակերպել կենտրոնացված՝ վերցնելով այդ գործառույթը հանրակրթական հաստատություններից: Սա հնարավորություն կտա էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, անազնիվ մրցակցությունը:

_ Ստեղծել դասավանդողների թափուր հաստիքների, հավաստագիր ունեցող կադրերի միասնական էլեկտրոնային բազա։ <…>

_Սահմանել դասագրքերի մրցույթների նոր չափանիշներ և մոտեցումներ: Դասագրքերը համապատասխանեցնել 21-րդ դարի մեդիամիջավայրի ընձեռած հնարավորություններին:

_Բեռնաթափել դասագրքային նյութը:

_ Խուսափել հարակից դիսցիպլինների ծրագրերի բովանդակային կրկնություններից: Բեռնաթափել ծրագրերը:

_ Լայնորեն կիրառել «Մեդիագրագիտություն և մեդիահմտություններ» դասընթացները», – ասաց Թոքմաջյանը՝ ամփոփելով, որ կրթական ոլորտի թերացման հետևանքներից է նաև աղքատության շղջայի վերարտադրությունը և աղքատության ժառանգականությունը։

Կրթական ոլորտին  վերաբերող հաջորդ զեկույցը «Անտարես մեդիա հոլդինգի» հիմնադիր-տնօրեն, հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանինն էր։

«Ի՞նչ անել, որ ՀՀ կրթության համակարգը պատրաստ լինի արձագանքել մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին» հիմնահարցին Մարտիրոսյանը պատասխանում է ավելի լակոնիկ՝ մասնավորեցնել․

«Բուհական համակարգից սպասումները արդարացնելու համար, կարծում եմ, ԲՈՒՀ֊երը պետք է դառնան մասնավոր և պետական բաժնեմասերով բաժնետիրական ընկերություններ։ Մասնավոր բաժնետերը կհետևի, որ ԲՈՒՀ֊ը դառնա շահավետ, որ ԲՈՒՀ֊ում չլինի կոռուպցիա, որ ԲՈՒՀ֊ը տա թանկ, բայց որակյալ շրջանավարտ, որ ԲՈՒՀ֊ն ի վերջո, կոպիտ ասած, իջնի պետության ուսերից։ Մասնավորի ներգրավվումը նաև կապահովի, որ ԲՈՒՀ֊ն այդքան մեծ քանակով միջազգայնագետներ կամ դերասանուհիներ չարտադրի, որ այդ մարդիկ՝ ԲՈՒՀ֊ն ավարտելուն պես, չհամալրեն գործազուրկների բանակը»։

Ըստ նրա, կրթական ոլորտի օրակարգը չպետք է շրջանցի ներդաշնակեցման խնդիրները՝ դպրոց, ԲՈՒՀ, գործատու շղթայում։ Այդ ներդաշնակեցումը նա պատկերացնում է հետևյալ հերթականությամբ․

«Գործատուների սահմանած չափանիշի կիրարկմամբ ԲՈՒՀ֊ն իր հերթին չափանիշ է սահմանում դպրոցի համար, թե ինչ որակի և մակարդակի շրջանավարտ է պետք, որ այդ հումքից կերտի գործատուների պահանջին բավարարող մասնագետ։ Դպրոցը չափանիշ է սահմանում մանկապարտեզի համար, մանկապարտեզը՝ ծնողի», ֊ ասաց Մարտիրոսյան։

Բանախոսներին արձագանքեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ նախարարությունը աշխատում է փոփոխությունների փաթեթի՝ նոր հայեցակարգ, կարգավորումներ և չափորոշիչներ ներդնելու ուղղությամբ և բաց է համագործակցության համար։