Home / Բանակ / ԱՄՆ սենատորները Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են պատրաստում

ԱՄՆ սենատորները Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են պատրաստում

Հոկտեմբերի 10-ի առավոտյան, սիրիական Alikhbaria հեռուստաալիքի փոխանցմամբ, Թուրքիան նոր գրոհներ է սկսել Ռաս֊Էլ֊Այն սահմանային քաղաքի ուղղությամբ։ Թուրքիայի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն օպերացիայի շրջանակներում հարձակումներ են եղել 181 «ահաբեկչական օբյեկտների» ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Սպիտակ Տունը հոկտեմբերի 7-ին որոշում էր կայացրել ամերիկյան զորքերը հետ կանչել թուրք֊սիրիական սահմանից՝ Իսլամական պետության դեմ պայքարում տարածաշրջանի իրենց հիմնական գործընկեր քրդերին թողնելով Թուրքիայի հետ դեմ հանդիման։ Արդեն հոկտեմբերի 9-ին թուրքական կողմը սկսեց «Խաղաղության աղբյուր» կոչվող օպերացիան, որի շրջանակներում ռմբակոծվում էին քրդական զորաջոկատներ ու խաղաղ քաղաքացիներով բնակեցված շրջաններ։

Միացյալ Նահանգների Հանրային հաղորդման ծառայությանը (PBS) տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալ որոշումը՝ Միացյալ նահանգների զորքերը թուրք֊սիրիական սահմանից դուրս բերելու վերաբերյալ, ավելացնելով, որ Թուրքիան «անվտանգության հետ կապված արդարացված մտավախություններ» ունի և «իր հարավում ահաբեկչական հարձակման վտանգ» է զգում։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Ամերիկայի կողմից Թուրքիայի հարձակվողական գործողություններին հավանություն տալու մասին լուրերը «պարզապես սխալ» են․ «Միացյալ Նահանգները Թուրքիայի առաջ կանաչ լույս չի վառել»։

Նախագահ Թրամփը, ով ավելի վաղ հայտարարությամբ սպառնացել էր «չափերն անցնելու» դեպքում «ոչնչացնել» Թուրքիայի տնտեսությունը, նշել է, որ Միացյալ նահանգները «չի խրախուսում այս հարձակումը» և ռազմական գործողություններ սկսելը որակել որպես «վատ միտք»։

ԱՄՆ սենատորներն այսօր առաջարկել են նախօրեին Սիրիայի դեմ ռազմական հարձակումների համար պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Օրինագծի տեքստը թվիթերում հրապարակել է դրա համահեղինակներից Քրիս Վան Հոլլենը։

Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, փոխնախագահ Ֆուաթ Օկտայի և հինգ նախարարների նկատմամբ։ Սենատորներն առաջարկում են սանկցիաներ կիրառել նաև այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր թուրքական ռազմական ուժերի հետ առևտրական հարաբերություններ ունեն կամ որևէ կերպ աջակցություն են ցուցաբերում։

«Այս պատժամիջոցները Էրդողանի և նրա զինված ուժերի համար արագ և հեռուն գտնացող հետևանքներ կունենան», – նշել է Վան Հոլլենը։

Tekali Taxi