Home / Մարզեր / Ամերիկացիների հետ բանակցություններից հետո Էրդողանը կհանդիպի Պուտինի հետ

Ամերիկացիների հետ բանակցություններից հետո Էրդողանը կհանդիպի Պուտինի հետ

Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ սիրիական բանակը գրավել է Թուրքիայի սահմանին գտնվող Մանբիջ քաղաքը, որը դեռ նախօրեին գտնվում էր ԱՄՆ դաշնակիցների վերահսկողության տակ և որում երկու ամերիկյան ռազմաբազա կա։ Հենց այստեղ է այժմ գտնվում թուրքական և սիրիական զորքերի շփման գիծը, որում արդեն հերթապահում է ռուսական ռազմական ոստիկանությունը, հայտնում է Բի֊Բի֊Սի֊ն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության համաձայն Անկարան դեմ չէ սիրիական բանակի կողմից Մանբիջի վերահսկողությունը վերցնելուն։ Կարևորը, նրա խոսքով, քաղաքն ազատվեց քրդական խմբավորումներից։ «Հարգելի [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին ես նույնն եմ ասել։ Եթե դուք Մանբիջն ազատում եք ահաբեկիչներից, ապա խնդրեմ, դուք կամ ռեժիմը թող ապահովեն դա», – լրագրողների հետ զրույցում ասաց Էրդողանը՝ դեպի Ադրբեջան պաշտոնական այցից վերադարձի ճանապարհին։

Նախօրեին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել էր Էրդողան Պուտին հեռախոսազրույցը։ Արդյունքում, Ռուսաստանի նախագահը Էրդողանին մոտ օրերս Մոսկվա հրավիրեց, հրավերն ընդունվեց։ Ամենայն հավանականությամբ հանդիպումը տեղի կունենա ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո․ չորեքշաբթի օրը պաշտոնական այցով Անկարայում են լինելու ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն, ովքեր փորձելու են Թուրքիային համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։

Բարձրաստիճան պաշտոնյաների այցը տեղի կունենա Միացյալ նահանգների կողմից օրերս Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնին։ Վաշինգտոնը նշել է, որ պատրաստ է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել, սակայն Էրդողանը հայտարարել է, որ սիրիայի քրդերի դեմ օպերացիան կշարունակվի անկախ պատժամիջոցներից․ «Օպերացիան կշարունակվի քանի դեռ դրա բոլոր նպատակներին չենք հասել, իսկ մեր նպատակն է ահաբեկիչներից մաքրել սահմանից 32կմ խորությամբ հատվածը»։

Հոկտեմբերի 9-ին թուրքական ռազմական ուժերը ներխուժել են Սիրիայի տարածք՝ Եփրատի արևելյան հատված, և սկսել «Խաղաղության աղբյուր» կոչվող օպերացիան։ Էրդողանը հայտարարել է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության, Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների և «Իսլամական պետության» դեմ գործողությունների մեկնարկի մասին։ Որպես Թուրքիայի առաջ դրված առաջադրանք Էրդողանը նշել է «իրենց հարավային սահմանով ահաբեկչական միջանցքի վերացումն ու տարածաշրջանում խաղաղության հաստատումը»։

Հեկտեմբերի 16-ին քրդական համայնքի մի շարք ներկայացուցիչներ Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին իրականացնում։ Ցուցարարները դատապարտում էին «ԱՄՆ ղեկավարությանը, որ քրդերին թողեց մեն֊մենակ թուրքերի թնդանոթների դեմ»։

Tekali Taxi