Գլխավոր / Կրթություն / Քաղաքապետի օգնականն արձագանքել է մանկապարտեզում երեխաներին աթոռներից կապելու մասին ահազանգին

Քաղաքապետի օգնականն արձագանքել է մանկապարտեզում երեխաներին աթոռներից կապելու մասին ահազանգին

«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերն ահազանգել է Երևանի թիվ 92 մանկապարտեզում նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումների մասին։ Գրառմանը տվյալ մանկապարտեզում արված լուսանկարներ են կցված։

«Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով, սակայն որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության եւ ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որեւէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ մասնագիտացված Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ սա արդեն չափից ավելի է։

Որպես մասնագետ չեմ կարող լռել և չբարձրաձայնել Երևանի թիվ 92 մանկապարտեզում այսպես կոչված նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումների մասին։ Ես որպես մասնագետ պնդում եմ, որ երեխային կապելը կամ բռնի ուժով որևէ բան պարտադրելը ոչ միայն չեն նպաստում այս երեխաների զարգացմանը, այլև ոտնահարում են նրանց իրավունքները մի հաստատությունում, որն իբր թե ստեղծվել է նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։

Կարծում եմ հարցին պետք է տալ հրատապ լուծում և պարզել իրականացվող աշխատանքների մյուս հետաքրքիր կողմերը, ինչպես ընդհանուր դաստիարակչական, այնպես էլ վերականգնողական ծառայությունների մատուցման տեսակետից։

Տխրությամբ ուզում եմ նշել նաև, որ հարցը չէի ցանկանում հանրայնացնել առանց այն էլ խոցելի ոլորտը առավել չխոցելու և այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին խնայելու նպատակով։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ այս ամենի մասին 10 օր առաջ տեղեկացրել եմ ԿԳՍՄ նախարարության փոխնախարարներից մեկին, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ առայժմ միայն հարցի հանրային քննարկումն է, որ կարող է լուծել հարցը», ֊ գրել է օգտատերը՝ գրառման վրա, մասնավորապես, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուշադրությունը հրավիրելով։

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ «ֆեյսբուք»-ում արձագանքելով տարածված լուսանկարներին, գրել է, որ նշված մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիրներ ունեցող երեխա: Երեխաներից 14-ն ունեն հենաշարժողական խնդիրներ և մանկապարտեզ են գալիս իրենց անվասայլակներով:
Նա ևս հաստատեց, որ մանկապարտեզի ներսում երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ, յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, երկու օգնական, ինչպես նաև նեղ մասնագետներ: Վիրաբյանը գրում է, որ բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ և փորձառու 18 տարբեր մասնագետներից․ «Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» առողջության կենտրոնը»։

«Քանի որ հարցի վերաբերյալ կա որոշակի տարակարծություն, Երևանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կարծարծվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր:

Այնուհանդերձ, հորդորում ենք խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների եւ նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները», ֊ մասնավորապես, գրել է Վիրաբյանը։

Tekali Taxi