հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ռեֆորմները իրականացնողների դաշտում մտածողության խնդիր կա»․ ներառական կրթության մասին

«Ռեֆորմները իրականացնողների դաշտում մտածողության խնդիր կա»․ ներառական կրթության մասին

Ներառական կրթության գործընթացը Հայաստանում վերջին տարիներին որոշակի առաջընթաց է ապրել, սակայն ոլորտում անելիքները դեռ շատ են։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում հայտարարել է «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ներառական կրթության ներդրումն ուսումնական հաստատություններում շարունակական է լինելու և հետդարձի ճանապարհ չկա։

«Պետությունը որդեգրել է նման քաղաքականություն, և, դա, այո՛, յուրաքանչյուր երեխայի համար կարևոր է։ Մենք փորձում ենք թե՛ խթանել, որ պետությունը դա որակյալ իրականացնի, թե՛ փորձում ենք այլ հասարակական կազմակերպությունների հետ խոսել դրա մասին, բարձրաձայնել խնդիրները», ֊ նշել է Սիմոնյանը։

Epress.am-ը ոլորտի փորձագետին խնդրել է նաև մեկնաբանել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի ներառական կրթության մասին հայտարարությունը, որն արժանացել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության քննադատությանը։ Հիշեցնենք, որ Արամ Սուքիասյանը, մասնավորապես ասել էր․ ««Արդյոք ճի՞շտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան մտնում է դպրոց, իր նստարանի կողակցին՝ իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, իսկ վիճակը ձեզ քաջածանոթ է։ Արդյոք հոգեբանական խնդիր չի՞ ապրում այդ վեց տարեկան երեխան, արդյոք սա մտահոգիչ չէ՞։ Թե՞ մենք մտածում ենք այդ հաշմանդամ երեխայի մասով, բայց մենք անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին»։

Սիմոնյանը փոխքաղաքապետի հայտարարությունը, ինչպես նաև հայտարարությունից հետո հնչած ներկաների ծափահարությունները զարմանալի է համարել։

«Մեր համար շատ զարմանալի է, որ պետությունը որդեգրել է այդ քաղաքականությունը, շատ ծրագրեր նաև արվում են՝ աջակցելու ներառական կրթության գործընթացին, բայց երբ որ մարդիկ ուղղակի իմպուլսիվ ծափահարում են, դա նշանակում է, որ դեռ հասարակությունում և այդ ռեֆորմներն իրականացնողների դաշտում մտածողության խնդիր ունենք։ Մենք երեխաներին տանում ենք այգի, մենք երեխաներին տանում ենք փողոց, խնջույքների, արդյո՞ք այդ երեխաները միմյանց չեն հանդիպում և չեն տեսնում», ֊ ասել է Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում