«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունն իր մտահոգությունն է հայտնել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի (լուսանկարում)՝ ներառական կրթության մասին արված հայտարարությունների առնչությամբ։ Այս մասին ասված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Դաշինքի բաց նամակում։
«Օգոստոսի 29-ին կայացած` ուսումնական տարեսկզբին ընդառաջ դպրոցի տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, խոսելով ներառական կրթության մասին, մտահոգիչ է համարել այն փաստը, որ հաշմանդամություն չունեցող երեխաները պետք է նույն դասարանում սովորեն հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների հետ։ Հիշեցնենք, որ քաղաքապետի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշել է. «Արդյոք ճի՞շտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան մտնում է դպրոց, իր նստարանի կողակցին՝ իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, իսկ վիճակը ձեզ քաջածանոթ է։ Արդյոք հոգեբանական խնդիր չի՞ ապրում այդ վեց տարեկան երեխան, արդյոք սա մտահոգիչ չէ՞։ Թե՞ մենք մտածում ենք այդ հաշմանդամ երեխայի մասով, բայց մենք անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին»։
Նկատի ունենալով, որ փոխքաղաքապետի պաշտոնական ելույթը չի կարող անձնական կարծիք դիտարկվել, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» իր մտահոգությունն է հայտնում այս առնչությամբ։
Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունը ներառական կրթության զարգացման և տարածման գործում, մասնավորապես, Երևանի դպրոցների մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աջակցության գործընթացում։
Սակայն քաղաքապետի տեղակալի ելույթը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ այն ոչ միայն ակնհայտորեն հակասում է ՀՀ պետական քաղաքականությանը, այլ նաև վիրավորում է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ծնողների՝ կասկածի տակ դնելով նրանց՝ իրենց հասակակիցների հետ կրթություն ստանալու իրավունքը», ֊ նշում են նամակի հեղինակները։
Դաշինքն ընդգծում է, որ Քաղաքապետարանի պաշտոնյայի նման հայտարարությունն անընդունելի է և հորդորում է Երևանի քաղաքապետին հրապարակել քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցի շուրջ և վերանայել անձի պաշտոնին համապատասխանելու նպատակահարմարությունը՝ առաջնահերթ համարելով երեխայի իրավունքները և ՀՀ օրենսդրությունը։