Գլխավոր / Բանակ / Զոհված զինվորների ծնողները կարող են անհնազանդության ակցիաներ սկսել

Զոհված զինվորների ծնողները կարող են անհնազանդության ակցիաներ սկսել

Եթե մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետը չընդունի տարիներով տարբեր գերատեսչությունների մոտ բողոքող հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողներին, նրանք անհնազանդության ակցիաների կդիմեն։ «Ուղիղ 16 ամիս մեզ խաբել են, Փաշինյանը խոստացել էր, որ քրեական գործը կվերաբացվի, ու ոչ մեկիս գործի մեջ դրական տեղաշարժ չկա», – Epress.am֊ի հետ զրույցում ասել է 2013 թվականի հուլիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Արման Մուրադյանի հայրը։ Բազմաթիվ խախտումները մատնացույց անելով, Հովսեփ Մուրադյանը նկատում է, որ այլևս չգիտի՝ ինչ ձևով դիմի կառավարության ղեկավարին․ «Նորի՞ց մենք ընկնենք դատարաններում մեր իրավունքները վերականգնենք»։

2018 թվականի հուլիսին Մուրադյանը դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետին՝ որդու քրեական գործը վերանայելու պահանջով։ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ դիմումն ուղարկվել էր գլխավոր դատախազություն, որն, իր հերթին, այն ուղղել էր զինվորական դատախազություն։ 20-ամյա զինծառայողի սպանությունը, հոր խոսքով, կեղծ հարցաքննության և դատաքննության արդյունքում որակավորվել էր որպես ինքնասպանություն։ Զինվորական դատախազությունն, ուսումնասիրելով քրեական գործը, գտավ, որ քննիչներ Դերենիկ Իգիթյանի և Սերգեյ Թամրազյանի կողմից թույլ էին տրվել մի շարք խախտումներ, ինչի հետ կապված նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ դիմումն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, ուսումնասիրելով քրեական գործը և քննիչների գործողություններում հանցակազմ չգտնելով, նոյեմբերի 18-ին կարճման որոշում կայացրեց և մերժեց քրեական գործ հարուցելու մասին պահանջը։

«Մենք դիմեցինք գլխավոր դատախազին՝ Հատուկ քննչականի կողմից կայացրած վճռի դեմ։ Գլխավոր դատախազությունը մեզ մատնացույց արեց, որ բողոքարկենք ընդհանուր իրավասության դատարան։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով մեր քրեական գործը, որոշում կայացրեց՝ ՀՔԾ քննիչի որոշումը մերժել, այսինքն՝ բողոքը բավարարել, վերացնել Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Սերգեյ Ավետիսյանի՝ քրեական գործը հարուցելը մերժելու մասին որոշումը։ Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում, որն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։ ՀՔԾ-ն, ուսումնասիրելով քրեական գործը, մեզ համար անսպասելի, գործը կրկին կարճելու մասին որոշում կայացրեց։ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացվեց, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ անհիմն համարեց քննիչների կողմից կատարված հանցագործությունը:

Մենք բազմաթիվ փաստեր ենք բերել, որ նախաքննական մարմինն՝ ի դեմս Դերենիկ Իգիթյանի, կատարել է մի շարք կեղծիքներ և հանցագործություն քրեական գործի շրջանակներում, օրինակ, զենքը, որից կրակոց էր արձակվել, գրանցված չէ որդուս զինգրքույկում, փորձաքննությանն ուղարկված զենքի վրա, ըստ փորձագետի, չկան մատնահետքեր, և քննիչ Ավետիսյանը չգտավ հանցակազմ։ Հաջորդը՝ որդուս հագուստը քննիչ Սերգեյ Թամրազյանն առգրավել և կնիքել էր համար 22 կնիքով, այնուհետև փորձաքննությանն ուղարկված հագուստը կնիքված էր եղել համար 25 կնիքով, որը պատկանել էր Դերենիկ Իգիթյանին։ Իսկ փորձաքննությանն ուղարկված հագուստը, այսինքն Սերգեյ Թամրազյանի արձանագրած հագուստի վրայի պատռվածքները, կոճակների բացակայությունը չեն համապատասխանում կենտրոն ուղարկված հագուստի պատռվածքներին և կոճակների բացակայությանը։

Քրեական գործում կեղծիքներն այնքան շատ են․․․», – ասում է զրուցակիցը՝ ցույց տալով հերթական տեղեկանքն, ըստ որի, Արման Մուրադյանի հետ հենակետում եղած զինվորները դեպքի օրվանից մինչև հոկտեմբերի 11-ը գտնվել են Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։

«Երբ մենք պահանջեցինք, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը մեզ տեղեկանք տվեց, ըստ որի, զինվորները մեկ շաբաթ են Ռազմական ոստիկանությունում գտնվել։ Մենք բարձրաձայնեցինք, սակայն Հատուկ քննչական ծառայությունն այդ կեղծիքն էլ հաշվի չառավ։

Հատուկ քննչականը նույնիսկ չներգրավեց մեզ որպես տուժողի իրավահաջորդ, ներգրավեց որպես վկա, որպեսզի ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին էլ չներգրավեն։ Մեզ զրկեցին ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից։ Պիտի ծախս անեմ, որ փաստաբան վարձեմ», ֊ եզրափակել է Հովսեփ Մուրադյանը։

Tekali Taxi