Home / Ազգային ժողով / Թուրքիայի դեմ պատժամիջոցների ֆոնին ԱՄՆ֊ն հիշեց ցեղասպանության մասին

Թուրքիայի դեմ պատժամիջոցների ֆոնին ԱՄՆ֊ն հիշեց ցեղասպանության մասին

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Չնայած բանաձևը հանձնարարական բնույթ ունի, տպավորություն է, կարծես, այն ավելի շուտ մաս է կազմում Թուրքիայի դեմ վերջին շրջանում սահմանված պատժամիջոցների, քան ցեղասպանությունները դատապարտող քաղաքականության։

Բանաձևին կողմ քվեարկել է պալատի 405 անդամ, դեմ՝ 11։ Բանաձևի ընդունումը սպասածից արագ տեղի ունեցավ։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, բանաձևը ռեգլամենտի կոմիտեի կողմից փոխանցվեց Պալատի քվեարկությանը, ընդ որում՝ առանց ուղղումներ մտցնելու հնարավորության, ինչին ձգում էին հայկական լոբիստները։

Բանաձևի վերանայումը հատկապես հրատապ դարձավ ԱՄՆ֊ի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին․ Սիրիայի հյուսիսում թուրքական զորաջոկատները ռազմական գործողություններ էին սկսել «Իսլամական պետության» դեմ տարածաշրջանային պայքարում Միացյալ Նահագների գլխավոր գործընկեր սիրիական քրդերի դեմ։ Այս աշխարհաքաղաքական համատեքստը չեն թաքցնում նաև բանաձևի կողմնակիցները. կոնգրեսականներն իրենք էլ ընդունում են, որ բանաձևի վերանայման հրատապությունը պայմանավորված է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ռազմական գործողուղություններ սկսելու համատեքստում Անկարայի հետ ճգնաժամային հարաբերություններով։

Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկի օրը կոնգրեսմեն Թեդ Լյուն, ով մեծ հայկական համայնք ունեցող շրջան է ներկայացնում, թվիթերի իր էջում կարծիք էր հայտնել, որ սա հայոց ցեղասպանության ընդունման ամենահարմար ժամանակը կարող է լինել։

Դեմոկրատ Բրեդ Շերմանը նշել է, որ «Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլևս ավարտվել են»։ Նրա խոսքով, Ամերիկան վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը, սակայն ստիպված է եղել խուսափել այդ քայլից՝ Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու համար:

«Մեր զորքը ետ քաշվեց Սիրիայից, մենք լքեցինք այդ տարածքը թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունը», – հայտարարել է Շերմանը։ Բանաձևի դեմոկրատ կոնգրեսականը թվիթերի իր էջում շնորհակալություն էր հայտնել նաև Թուրքիայի նախագահին․ «Առանց ձեզ, պարոն Էրդողան, մենք այս հանգրվանին չէինք հասնի»:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բանաձևի ընդունմանը պատասխանել է  երախտագիտական հայտարարությամբ։ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ամերիկյան կոնգրեսմենների արարքն անվանել է «պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու» փորձ։

Ավելի վաղ, ԱՄՆ֊ում Թուրքիայի լիազոր դեսպան Սերդար Կիլիչն ամերիկյան խորհրդարանականներին նամակ էր հղել, հորդորելով բանաձևի օգտին քվեարկելուց առաջ ևս մեկ անգամ հիշել Թուրքիայի և Միացյալ Նահագների գործընկերական հարաբերությունների կարևորության մասին․ «Արդյո՞ք ամերիկյան կոնգրեսը ցանկանում է դարավոր պատմական հակամարտության մեջ ՆԱՏՈ֊ի իր դաշնակցի հակառակ կողմը բռնել»։

Օրինագծի ընդունման լոբինգով զբաղվում էին հայկական ծագման ամերիկացիների երկու խոշոր կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ու «Ամերիկայի հայկական ասամբլեան»։

«Հայկական ասամբլեայի» ներկայացուցիչ Միհրան Թումաջյանի խոսքով, հայերն ամբողջ աշխարհում ցեղասպանության ընդունումը որպես բարոյախոսական խնդիր են դիտարկում։ Սակայն նա համաձայն չէ այն կարծիքի հետ, որ պետք չէ ստեղծված իրավիճակն ընդունել, որպես ցեղասպանության ճանաչումն ամերիկյան կառավարության քաղաքական օրակարգ վերելու հարմար առիթ։

ԱՄՆ դիրքորոշումը ցեղասպանության ընդունման հարցում ավանդապես պայմանավորված է եղել աշխարհաքաղաքական նախադրյալներով․ Վաշինգտոնը պատրաստ չէր ՆԱՏՈ֊ի իր առանցքային գործընկեր Թուրքիայի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնել։

Ամերիկյան նախագահները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, մինչ օրս 1915 թվականի Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած իրադարձույունները որակել են որպես հրեշավոր ոճրագործություններ, սակայն խուսափել են «ցեղասպանություն» բառից։

Tekali Taxi