Home / Կրթություն / Երբ վարչապետը հայտարարում է, որ երկրին պետք չեն թամադաներ

Երբ վարչապետը հայտարարում է, որ երկրին պետք չեն թամադաներ

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ գիտության մասին հայտարարությունները ոչ այնքան գիտության մասին են, որքան արտահայտում են նրանց երբեմն ոչ ճիշտ ընկալումները գիտության մասին: Դրանք կարող են դուրս գալ նրանց մասնավոր ընկալումներից և դառնալ պետական քաղաքականություն, դրանով վտանգավոր են և արժանի անդրադարձի: Գիտության մասին ամենաշատը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի քանի անգամ նա շեշտել է, որ Հայաստանին պետք է փորձագիտություն:

Իսկ Փարիզում ելույթի ժամանակ մասնավորեցրեց, թե ինչպես է տեսնում Հայաստանի գիտության ապագան, ըստ էության, նա պատկերացնում է առանց գիտություն Հայաստան. «Ուզում ենք թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով։ Հայաստանին այսօր պետք են ինժեներներ երկու պատճառով. առաջինը՝ ինժեները բարձր վճարվող աշխատանք կգտնի աշխատաշուկայում, երկրորդ՝ կկարողանա լուծել այն առաջադրանքները, որ այսօր մեր ռազմարդյունաբերական համալիրը կդնի իր առաջ»: Նախ՝ անհասկանալի է, թե ինչ ասել է փորձագիտություն. գիտության մեջ, իհարկե, փորձեր անում են, բայց դա ամենակարևոր կամ միակ կարևոր բաղադրիչը չէ գիտության, և դժվար է պատկերացնել ամբողջական գիտական համակարգ, որտեղ միայն փորձեր են անում:

Երկրորդ՝ փորձագիտությունը էքսպերտիզան է և մեծ հաշվով կարող է հեռավոր իսկ աղերս չունենալ գիտության հետ: Երբ վարչապետը հայտարարում է, որ երկրին պետք չեն թամադաներ, այլ պետք են ինժեներներ, այլ խոսքով՝ նա ասում է, որ երկրին պետք չեն գիտնականներ: Գիտության առարկան գիտելիքն է և ոչ թե տեխնիկան. տեսաբանությունը, որը չի ստեղծվում պրակտիկ իմաստով և հավակնությամբ: Ինժեները գիտնական չէ, նա սարքող է և միայն հեռու առնչություններ կարող է ունենալ մտքի՝ տեսության, գիտության հետ վերջինիս որոշ նվաճումներ կիրառելի դարձնելու առումով:

Օրերս բյուջեի քննարկման ժամանակ գիտության խնդիրներին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Միրզոյանը՝ քննադատելով անպետք թեմաների ֆինանսավորումը: Խնդիրը, սակայն, թեմաները չեն. չկան սպառված և ժամանակավրեպ թեմաներ, կան ոչ արդի հետազոտողներ: Բոլոր թեմաները մեռած են մեծ հաշվով և անպետք, եթե դրանք արդիացնող հետազոտողներ չկան: Տարիներ շարունակ այս իմաստով Հայաստանում տարվել է քաղաքականություն, որ եղել է հակագիտական, և ուղղված է եղել ոչ թե մտքի զարգացմանը, այլ դրա իզոլացմանը: Հայաստանում, այսպես կոչված, գիտությունը ունեցել է քաղաքականության կցորդի կարգավիճակ, այն եղել է policy making-ի գործիք, ոչ ավելին: Հենց policy making-ը և ոչ տեսական գիտության զարգացման մտահոգությունն է եղել ընկած մի շարք թեմատիկ գերակայությունների հիմքում՝ ցեղասպանություն, Առաջին և Երրորդ հանրապետություններ, ազատագրական շարժումներ, եկեղեցու պատմություն և այլն: Սրանցից ոչ մեկն անարժան չէ ուշադրության և հետազոտման, եթե դրանով զբաղվում է ժամանակակից մարդը, որ մտածում է ժամանակակից աշխարհի տեսական մտքի պաշարով, և ոչ թե ծառայում է իբրև քաղաքական գործիք հասարակությանը, օրինակ, թաղելու միջնադարի մեջ կամ Դեր-Զորի անապատներում:

Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ

Tekali Taxi