«Բա չիմանա՞նք ձեր վերաբերմունքը կատարվածին։ Բա չտեսնե՞նք, որ անվերապահ, առանց սադրանք-մադրանքներին հղում անելու, առանց ինչ-որ օրենքի ընդունմամբ «ռոբասերժական սպասավորների» ակտիվացումը բացատրելու, ուղղակի դատապարտում եք բռնությունը, դատապարտում եք ձեր գործընկերոջ վարքը»։ 2019 թվականի օգոստոսին պատգամավորական մանդատից հրաժարված, իշխող «Իմ Քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը Ֆեյսբուքի միջոցով դիմել է իր նախկին գործընկերներին․
«Սիրելի՛ իմքայլական ընկերներ, էս քար լռությունն ինչպե՞ս հասկանանք։ Ինչո՞ւ ոչ մեկդ չեք խոսում, ինչի՞ց եք քաշվում։ Էն արժեքները, որոնց ամբողջ կյանքում դավանել եք ու որոնք բացարձակ եք համարել, ինչո՞ւ եք զոհում հանուն ձեր ներկայիս կարգավիճակի ու թայֆայականության (կներեք, որ էս բառն եմ օգտագործում բայց սա արդեն թիմային համերաշխություն անվանել չի կարելի)։
Բա չիմանա՞նք ձեր վերաբերմունքը կատարվածին։ Բա չտեսնե՞նք, որ անվերապահ, առանց սադրանք-մադրանքներին հղում անելու, առանց ինչ-որ օրենքի ընդունմամբ «ռոբասերժական սպասավորների» ակտիվացումը բացատրելու, ուղղակի դատապարտում եք բռնությունը, դատապարտում եք ձեր գործընկերոջ վարքը։
Չկա-չկա՝ գոնե «գալըչկի» համար, պատմության համար, ձեզ ընտրած, ձեր հետ հույսեր կապող քաղաքացիների առաջ պարզերես լինելու համար, ապագայում նմանատիպ երևույթներին խիստ գնահատական տալու իրավունքը պահպանելու համար, խիղճը մաքուր պահելու համար։
Ի վերջո, ինչքան էլ քաղաքական թիմի անդամ եք, բայց անդեմ զանգված չեք, չէ՞, յուրաքանչյուրդ անհատ եք, ձեր անձնակա՛ն մանդատի ու պատասխանատվության կրողն եք։ Բա էլ ինչո՞վ պետք է հետհեղափոխական ԱԺ-ն տարբերվի հանրապետական ժամանակաշրջանի ատելի ԱԺ-ից, էս հարցը ձեզ տալի՞ս եք։ Ինչի՞ համար քաղաքացին պետք է վստահ լինի, որ անկեղծ եք եղել, երբ տարիներ շարունակ խանդավառ կերպով հանդես եք եկել ատելության խոսքի ու բռնության մշակույթի դեմ, քարոզել եք նոր ու քաղաքակիրթ քաղաքական մշակույթ։
Պատկերացնո՞ւմ եք լռելը ձեզ ու մեզ, մեր երկրին ուր է հասցնելու սրանից մեկ, երկու, երեք տարի հետո։ Խոսե՛ք, ընկերներ։ Հաճախ խոսե՛ք, որովհետև էն վնասը, որը մտածում եք՝ կհասցնեք քաղաքական թիմին, եթե խոսեք, անհամեմատելի փոքր է այն վնասից, որ կհասցնեք երկրին ու հանրությանը, եթե շարունակեք լռել։
Հ.Գ. Ի դեպ, եթե նկատեցիք, ես այս կոչը կարողանում եմ անել, քանի որ ժամանակին վաստակել եմ դրա իրավունքը։ Դուք էլ ձե՛րը վաստակեք, պետք կգա»։