Home / Շուկա / Բերման են ենթարկվել ԿԲ-ի մոտ ցույցի մասնակիցները

Բերման են ենթարկվել ԿԲ-ի մոտ ցույցի մասնակիցները

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության բաժնում է՝ տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։ Վերջիններս ավելի վաղ ԿԲ-ի դիմաց բողոքում էին վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ։

Ցույց անող քաղաքացիները Կենտրոնական բանկի ներկայացուցչի հետ հանդիպում էին պահանջում՝ նշելով, որ, պահանջը չկատարելու դեպքում, նստացույց կսկսեն։ Մեկ պատվիրատուի ներս ուղարկելու առաջարկը նրանք մերժել էին, ինչից հետո ոստիկանները մի քանի քաղաքացու բերման են ենթարկել։

«Ա1+»-ի պատրաստած տեսանյութում ցույցի մասնակիցներից մեկը, ոստիկանության աշխատակիցներից կողմից մի քանի հոգու ուժով մեքենաներ նստեցնելուց հետո, հայտարարել է, որ  ոստիկանների հետ նրանք խնդիր չունեն և պայքարում են ազգի համար։ Իսկ բերման ենթարկված երիտասարդը «Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար անդամ Մանուել Մանուկյանն է։ Անցյալում նա նաև խոսում էր Թավշյա հեղափոխությունից հետո տարածված թեմա դարձած «այլասերման քարոզի» և «սորոսականների» մասին։

Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել Կենտրոնական բանկը՝ «խստորեն դատապարտելով քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները» և նախազգուշացնելով, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով:

Այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու և իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի և կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով:

Քաղաքացու և իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ:

Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է և սահմանված ժամկետում կպատասխանվի: Միևնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները և շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը:

Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք, հուզական ֆոն ստեղծելով, դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել և մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, և շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները», – ասված է ԿԲ-ի հայտարարության մեջ։

Tekali Taxi