Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ շուտով կտեղափոխվեն համայնքային փոքր տուն․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շինությունն արդեն իսկ ձեռք է բերել, առաջիկայում այն կվերանորոգվի և կհարմարեցվի նոր բնակիչների համար:
Ծրագիրը բխում է նախարարության որդեգրած տարեցների ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից և նպատակ ունի համայնքային փոքր տների ստեղծման միջոցով բարելավել տարեցների խնամքի կազմակերպումը։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ծրագրն իրականացվել է նախարարության և նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ․ համայնքային փոքր տան կառուցման և կահավորման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո գումար է տրամադրել նախարարությանը: Շնությունն արդեն իսկ գնվել է, այժմ այն պետք է վերանորոգվի և կահավորվի։
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 2-ին նախարարությունը նախագիծ էր հրապարակել, որով առաջարկվում էր խստացնել շուրջօրյա խնամքի տուն-ինտերնատներ ընդունելության կարգը, նվազեցնել (փակ) հաստատություններում պահվող տարեց կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը և ընդլայնել խնամքի այլընտրանքային (այդ թվում՝ համայնքային) ծառայությունների շրջանակներն ու ծավալները։ Նախատեսվում է, որ որոշման ընդունումից հետո շուրջօրյա տուն-ինտերնատներ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ, ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող մարդիկ։ Խնամքի կարիք ունեցող այլ անձանց կառաջարկվեն այլընտրանքային ծառայություններ՝ տնային խնամք, աջակցություն, այդ թվում՝ նյութական, ընտանիքներին, ցերեկային կենտրոններ, խնամքի «փոքր տներ» և այլն: