Դիցուք, ինչ տեսնում եք ձեր շրջապատում դրանք կարող են զենք-զինամթերք և ռազմամթերք ընկալվել գոնե մաքսային մարմինների կողմից: Տասնյակ հազարավոր, նույնիսկ կենցաղային ապրանքներ ամեն օր Հայաստան ներմուծվելիս անցնում են մաքսային ծառայությունների արգելանքների ցանցից: Թե ինչպես են այդ արգելանքները հաղթահարվում, այնքան էլ միանշանակ չէ: Արգելանքների հաղթահարման եզակի փրկօղակը հանդիսանում են անհայտ ծագումնաբանություն ունեցող NPC և ARMExpertisa էլիտար ընկերությունները, որոնք բառի բուն իմաստով արտոնված են թղթադրամ տպելու: Թղթադրամները կրում են սեփական ձևավորումը և տպվում են անվանական 10,000, 20,000, 50,000 և այլ գումարների տեսքով, որոնք պայմանականորեն կոչվում են հավաստագիր կամ եզրակացություն: Ահավասիկ, այսպես է ապառազմականացվում Մաքսային մարմինների կողմից զենք-զինամթերք ընկալվող տասնյակ հազարավոր ամենակենցաղային ապրանքները: Օրինակ, մեր օրերում շատ տարածված և օգտագործվող կենցաղային ջերմաչափերը ռազմամթերք են համարվում մինչև վերոհիշյալ էլիտար 2 կազմակերպությունների ձեռքի տակով չեն անցնում։ Ավելի ստույգ, մինչև տնտեսվարողները դիմում-խնդրանքով չեն պահանջում այս երկու էլիտար կազմակերպությունները տան իրենց խիստ մասնագիտական գնահատականը առ այն, որ կենցաղային օգտագործման ջերմաչափը հրետանի չէ, ռազմական նավի պահեստամաս չէ, տիեզերական արբանյակի մաս չէ և բիոլոգիական պատերազմներում օգտագործվող բակտերիա չի հանդիսանում: Որքան զավեշտալի է խնդրի դրվածքը, նույնքան էլ տխուր… Ջերմաչափը ձեռքին մոտենում եք NPC կամ Arm Expertisa ընկերություններին, վճարում եք 10-ից 50 հազար դրամ և ստանում «հավաստագիրը»: Խոստովանեք, ո՞վ չէր ցանկանա ունենալ այսպիսի բիզնես՝ մեկ թերթ A4 ֆորմատի թուղթը վաճառել 10-ից 50 հազար դրամ:
Ե՞րբ և որտեղի՞ց են հայտնվել այս ջրի պես հոսող սպեկուլատիվ աղբյուրները…. Այո՛, ճիշտ եք, Arm Expertisa-ն Արմեն Ավետիսյանի ժամանակներից (ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսային պետական Կոմիտեի նախագահ 2001-2008), Իսկ NPC-ին Գագիկ Խաչատրյանի գահակալության ժամանակներից՝ 2008-2016:
Այսպես, 2000թ. կառավարությունը ընդունեց Ն1308 որոշումը, որը կոչված էր կարգավորելու զենք-զինամթերք հանդիսացող ապրանքների ներկրման-արտահանման թույտվությունները և սահմանափակումները: Նախնական շրջանում թվում է, թե ամեն ինչ նորմալ պիտի ընթանար… Հատկապես, որ վերոհիշյալ որոշման մեջ նշված է, որ օրենքը վերաբերում է ՄԻԱՅՆ այն ապրանքներին, որոնք նշված են որոշման հավելվածի բաժնում, այսինքն տարրական հասկացությամբ, եթե դուք ներկրում եք որևէ x ապրանք, ապա Կառավարության Ն1308 որոշման ցուցակում կատարում եք որոնում ըստ x բառի: Եթե համակարգիչը հայտնաբերեց ցուցակում հիշատակած x բառը, ապա օրենքը պահանջում է, որ դուք դիմեք այդ երկու արտոնյալ կազմակերպություններին և ստանաք հավաստագիր, որ ձեր ներկրած ապրանքը թեև ընդգրկված է այդ ցուցակում, սակայն զենք-ռազմամթերք չի հանդիսանում, ինչպիսիք են մանկական պլաստմասայից հրավանը և այլն… Սակայն, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում, ուստի Արմեն Ավետիսյան-Գագիկ Խաչատրյան արտոնյալ կազմակերպությունները որոշեցին ընդլայնել իրենց տնտեսությունը և աստիճանաբար հավաստագրի պահանջ ներկայացնել տասնյակ, հարյուրավոր և հազարավոր անգամ ավելի ընդարձակ ցուցակների վրա ընդհուպ մինչև հեռուստացույցների հեռակառավարման վահանակների…
Դարձյալ բոլորովին չզարմանաք, որ այս երկվորյակ ոսկու հանք կազմակերպությունները աշխատում են առ այսօր՝ նախկին իշխանության նախագծած սցենարով և տրամաբանությամբ, առաջացնելով նաև մեկ շատ լուրջ հարց. այժմ ու՞մ ջրաղացն են հոսում այս լճի ջրերը:
Վերոհիշյալը ինչպես և բոլոր կոռոպցիոն սխեմաները ընդամենը մեկ շերտից բաղկացած չեն լինում: Այս կոռուպցիոն ցիկլի առաջին ածանցյալ հնարավորությունը այն արտոնությունն է, որը վերապահված է մաքսային մարմիններին՝ վերոհիշյալ նշված հավաստագիրը պահանջեն թե ոչ, ավելին, օրենքով կատարվում է կարգավորում, ըստ որի մաքսային մարմինը հարցում անի երկվորյակ էլիտար կազմակերպություններին՝ NPC, ARMExpertisa, որ այսինչ ապրանքի համար հավաստագիր պետք է թե ոչ: Հիմա պատկերացնում ենք, եթե ազնվագույն երկվորյակ կազմակերպությունները ասեն ոչ, կատարել են անվճար ծառայություն, իսկ եթե ասեն այո, նրանք ստանալու են 1 թերթ Ա4 ֆորմատի թղթի վաճառքից 10-50 հազար դրամ:
Այժմ ևս մեկ վարկածի մասին. չնայած խիստ անհավանական է, բայց այնուամենայինիվ առկա է մեկն առ միլիոնի հավանականություն, կամ բացառված չէ, որ էլիտար երկվորյակները կանխիկ ստանան գումարի ասենք՝ կեսը և պատասխանեն, որ այդպիսի եզրակացություն պետք չի: Իսկ ո՞վ կարող է ստանձնել այս գործարքի քավորությունը… Այո, ճիշտ գուշակեցիք, ձեր խոնարհ ծառա մաքսային մարմինները, ավելի ճիշտ ծառայողները…
Այժմ հարց է առաջանում, թե երկու տարի հեղափոխությունից անցած ինչո՞ւ է դեռևս նույն թափով և ավելի ուժեղ շարունակում աշխատել այս կոռումպացված համակարգը: Դրա համար կան օբյեկտիվ և ոչ այնքան պատճառներ:
շարունակելի
Վարդգես Գասպարի