2020թ. օգոստոսի 23-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց և խուզարկություն էր կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ պատժախցում, որտեղ գտնվել են կալանավորված անձինք՝ Հ.Շ.-ն և Ա.Շ.-ն:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը միջադեպից մեկ օր անց ահազանգել էր, որ դիմակավորված անձինք ներխուժել են պատժախուց և դաժան բռնության ենթարկել խցում պահվող մարդկանց։ Ահազանգի հրապարակումից հետո պարզաբանումներով էր հանդես եկել Արդարադատության նախարարության (ԱՆ) մամուլի խոսնակը։ «Քրեակատարողական հիմնարկներում․․․ պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով», – գրել էր խոսնակը, ըստ որի, «պետք է նկատի ունենալ նաև, որ ․․․ քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»։
Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված են օգոստոսի 23-ին տեղի ունեցած դեպքի մի շարք մանրամասներ։
Դիտորդները «Նուբարաշեն» կատարած այցի ընթացքում հանդիպել են բռնության ենթարկված կալանավորներին և նրանց մարմնի տարբեր մասերում արձանագրել ակնհայտ տեսանելի և թարմ բազմաթիվ վնասվածքներ:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն»-ի ստորաբաժանման տրամադրած տեղեկանքի համաձայն՝ զննության արդյունքում Հ.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի, ճակատային հատվածի արյունազեղումներ, քթի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի շրջաններում արյունազեղումներ, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Ըստ նույն տեղեկանքի՝ Ա.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի արյունազեղում, ձախ ակնագնդի շրջանի սալջարդ, այտուցվածություն, քթի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի շրջաններում արյունազեղումներ: Ձախ հոնքի շրջանում ուղղահայաց ուղղությամբ կտրված վերք 0,5 սմ երկարության, ասված է դիտորդների տարածած հաղորդագրությունում։
Դիտորդական խումբը 2020թ. օգոստոսի 25-ին թիվ 20-51 հրատապ հաշվետվությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով քննության առարկա դարձնել ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը և տրամադրել միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ։
Սեպտեմբերի 1-ին Արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ
— 2020թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ԱՆ քրեակատարողական ծառայության 3 աշխատակիցներ արգելված իրերի առկայության և դրանց օգտագործման վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ պատժախցում կազմակերպել և իրականացրել են չնախատեսված խուզարկություն, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են մեկ զույգ անլար ականջակալ:
— Երկրորդ խուզարկությունը կատարվել է նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 11 քրեակատարողական ծառայողների կողմից: Մասնավորապես կատարվել է նշված անձանց անձնական խուզարկություն, ինչի արդյունքում արգելված իրեր չեն հայտնաբերվել:
— Այնուհետև քրեակատարողական 5 ծառայողներ Ա.Շ-ի և Հ.Շ-ի նկատմամբ ֆիզիկական ուժ և հատուկ միջոց կիրառելուց հետո կարողացել են նրանց հանդարտեցնել և իրականացնել խցի խուզարկություն, որի ընթացքում դարձյալ արգելված այլ իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել:
Օգոստոսի 23-ին 4-րդ պատժախցից և այդ խցում պահվող անձանցից բացի այլ խցերում չնախատեսված խուզարկություններ չեն իրականացվել, այլ ազատազրկված անձինք անձնական խուզարկության չեն ենթարկվել, քանի որ, ըստ ԱՆ-ի, այլ խցերում արգելված իրեր պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ չեն եղել:
«Կալանավորված անձինք մինչ դեպքի հրապարակայնացումը սկզբում նշել են, թե իբր ընկել են իրենց խցերում: Սա վկայում է ազատազրկված անձանց կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված ապօրինությունների մասին բարձրաձայնելուց հրաժարվելու խիստ մտահոգող փաստի մասին:
Սա կարող է վկայել նաև դեռևս քրեակատարողական հիմնարկներում կամ քրեական ենթամշակույթի շարունակվող ազդեցության, կամ ազատազրկված անձանց բողոքների քննության իրավական մշակույթի, այդ թվում՝ բողոք ներկայացնող ազատազրկված անձի անվտանգության ոչ պատշաճ ապահովման մասին», – ասված է հաղորդագրությունում։
Արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ ընդունելության ժամանակ Հ.Շ-ին և Ա.Շ-ին ներկայացվել է Արդարադատության նախարարի 2020թ. հունվարի 14-ի թիվ 10-Լ հրամանով հաստատված խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևով փաստաթուղթը, որից նրանք կտրականապես հրաժարվել են:
«Արդարադատության նախարարության կողմից Խմբի հրատապ հաշվետվության մեջ բարձրացված հարցերին ի պատասխան չի ներկայացվել որևէ պարազաբանում, թե որոնք են ազատազրկված անձանց՝ հակաիրավական որակված գործողությունների նկարագրությունը և դրանց կոնկրետ դրսևորումները:
Նաև անդրադարձ չկա այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ եղել հակաիրավական գործողություններ կատարած երկու ազատազրկված անձանց նկատմամբ 11 անձից բաղկացած օպերատիվ խմբի կողմից հարկադիր միջոցներ կիրառել։ Չի ներկայացվել նաև կիրառված միջոցների մանրամասն նկարագրությունը», – գրում է դիտորդների խումբը։
Նախարարությունից տեղեկացրել են սակայն, որ փաստի առթիվ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2020թ. օգոստոսի 25-ի թիվ Ե40/18-10-3349 գրությամբ ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:
«Խումբը խիստ մտահոգիչ է համարում ինչպես տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ դրա վերաբերյալ իրավասու մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ սպառիչ տեղեկատվության տրամ նցադրումը:
Քրեակատարողական համակարգում օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարվող ցանկացած գործողություն պետք է լինի իրավաչափ և համաչափ հետապնդվող նպատակի նկատմամբ՝ բացառելով ազատազրկված անձանց մարդու իրավունքների որևէ խախտում:
Խումբը գտնում է, որ նշված միջադեպը պետք է գտնվի իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև դեպքի առնչությամբ պետք է իրականացվի արդյունավետ և օբյեկտիվ քննություն՝ վատ վերաբերմունքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով՝ ինչպես մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հետագայում նմանատիպ խախտումները կանխելու համար», – ասված է դիտորդների տարածած հաղորդագրությունում։
Դեպքին անդրադարձել էին նաև իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Արթուր Սաքունցը։ Ավելի մանրամասն՝ այստեղ։