Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ արցախցի մի խումբ կանայք անցել են մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթաց։
Հայաստանի վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որում ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիքի և մասնագիտության 15 կանայք։
Դասընթացի նպատակն է՝ ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։
Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ կրել համազգեստ, գիշերել զորամասում։ Հավաքների ընթացքում մասնակիցներն անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում Ղարաբաղի ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ։
Կանանց համար մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթացը տեղի է ունեցել «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում:
Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․ «Ինչպես բազմիցս շեշտել է վարչապետի տիկինը, մեր երկրի վրա ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը, այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին․ «Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու համար: Բայց դա՝ ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի», – ասել է Հակոբյանը»։
Թե ինչպես էր փոփոխվում խաղաղասիրական (խաղաղաշինական) նմանատիպ նախաձեռնությունների տրամաբանությունը, կարելի է տեսնել՝ ծանոթանալով հետևյալ նյութերին․ «Մոր սիրտը ուրիշ ա»․ ռեպորտաժ Ղարաբաղի դիրքերից (2018թ․), 1-ին տիկինը խոսում է խաղաղության մասին և միակողմանի մեղադրում «այդ կողմը» (2019թ․), Մայրական տիեզերական սեր․ Աննա Հակոբյանը մարտական պատրաստություն կանցնի (2020թ․)։