Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Telegram-ի իր ալիքում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Ղարաբաղում: Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արձագանքել է դրանք իր ֆեյսբուքի էջով․ «Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ»։
Հակոբյանի պնդմամբ, գրառումը՝ հրավեր է, և եթե Ադրբեջանի առաջին տիկինը ընդունի այն, նա ևս պատրաստ կլինի հյուրընկալվել Բաքվում․ «Կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի [«Կանայք, խաղաղություն և անվտանգություն»] N 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն, և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ, եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք:
Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր փոխադարձ այցերն են: Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդներին, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»:
Հայաստանի առաջին տիկինը իր գրառումն ավարտել է երկու հայոց դրոշակներով և խաղաղասիրական հեշթեգներով՝ #Womenforpeace, #Womenspower, #Artsakh, #Artsakhstrong, #Armenia։
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը հաջորդեց ելույթը՝ դեկտեմբերի 4-ի առավոտյան Երևանի ԴաբըլԹրի բայ Հիլթոն հյուրանոցում տեղի ունեցած համաժողովին։ Միջոցառումը նվիրված էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի և դրանից բխող ազգային ծրագրի քննարկմանը։
«Կանայք հանուն խաղաղության» արշավը ունի արդեն մեկուկես տարվա պատմություն և ուղիղ կապ ունի Հայաստանում քաղաքական փոփոխությունների հետ։ Իմ ամուսինը դարձավ վարչապետ, ես էլ ավտոմատ կերպով՝ վարչապետի կամ երկրի ղեկավարի տիկին։ Եվ քանի որ, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, 2016 թվականի «ապրիլյան քառօրյա պատերազմի» ընթացքում որպես գլխավոր խմբագիր շատ մոտիկից եմ հետևել պատերազմական գործողություններին, երկու կողմերից եկող լրատվությանը՝ զոհերի, ռազմական հանցագործությունների, բազմաթիվ սարսափելի իրադարձությունների մասին, և իմ միջով է անցել դա․․․
Նաև քանի որ վտանգը կա, որ միշտ կարող է հակամարտության կողմերից մեկը նորից սկսել պատերազմը և մտածել, որ պատերազմի կամ լայնածավալ պատերազմական գործողությունների միջոցով կարող է ավելի արագ լուծման հասնել Ղարաբաղյան հակամարտությունում, ես որոշեցի մի բան անել դա կանխելու համար։ Այդպես ծնվեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որը դեկլարատիվ բնույթ ունի ըստ էության, որի մասին առաջինը խոսեցի Մոսկվա կատարած իմ այցի ժամանակ․․․
Ո՞րն է արշավի ուղերձը։ Ուղերձը հետևյալն է․ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին՝ ներգրավված կողմերին և միջնորդ երկրներին, մենք՝ որպես կին և մայր, հորդորում ենք և պահանջում չգնալ ռազմական ճանապարհով, թույլ չտալ ռազմական գործողությունների կրկնություն և փորձել հակամարտության լուծումը գտնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բանակցային սեղանի շուրջ։
Ինչո՞ւ այս ուղերձը։ Արդեն ասացի՝ ամեն պահի կարող են սկսվել [ռազմական] գործողություններ: Բայց ինչո՞վ եմ հիմնավորում նաև այս ուղերձը։ Հիմնավորում եմ նրանով, որ 94 թվականի զինադադարի կնքումից հետո անցել է արդեն 25 տարի,
այս 25 տարվա ընթացքում մենք ունենք բանակցային գործընթաց, որը, ըստ էության, տարբեր փուլերով, տարբեր անուններով ընթացել է, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել, և մենք նույն կետի վրա ենք գտնվում, ինչ զինադադարի կնքման պահին։ Այս 25 տարիների ընթացքում մենք ունենք սողացող պատերազմ՝ ամեն տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ զոհեր ենք ունենում երկու կողմից, այդ զոհերը մեզ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը մեկ սանտիմետր անգամ», – ասաց առաջին տիկինը։
Ընդհանրական և բալանսավորված ներածությանը հաջորդեց «հակամարտության կողմերից մեկի» քննադատությունը․ Աննա Հակոբյանը խոսեց 2016 թվականի ապրիլի ռազմական էսկալացիայի մասին․ «Հակամարտության կողմերից մեկի մտքով անցավ 2016 թվականին, որ իրենք կարող են լայնամասշտաբ հարձակում սկսել և փորձել մի քանի օրվա ընթացքում լուծել հարցը և հասնել իրենց երազանքների կատարմանը, ինչպես իրենք են դա ձևակերպում։ Բայց ի՞նչ ցույց տվեց նաև այդ փորձը, որը, փաստորեն, զինադադարի կնքումից 22 տարի անց էր։
22 տարի այդ կողմը պատրաստվում էր, դա գաղտնիք չէ, զինվում էր, ամենանորարար, ամենավերջին սերնդի, ամենաթանկարժեք զենքերն էր գնում, և բազմաթիվ զեկույցներ կան, որ այդ սպառազինությունների մրցավազքը լավ տեղ չի հասցնի․․․ Այսինքն՝ 22 տարի պատրաստվելուց հետո փորձ արվեց պատերազմի միջոցով լուծել այդ կոնֆլիկտը և ունեցանք այն, ինչ ունենք․․․ իրենք՝ մոտ հազար զոհ, մենք՝ հարյուր զոհ, և նորից հակամարտությունը գտնվում է այն կետի վրա, ինչ կետի վրա եղել է զինադադարի կնքումից հետո։
Այսպես, իմ համոզմամբ, կարելի է շարունակել ևս 25 տարի, կարելի է ժառանգել այս հակամարտությունը մեր թոռներին, մեր ծոռներին և սողացող պատերազմի արդյունքում ամեն տարի ունենալ զոհ։ Մյուս տարբերակը ո՞րն է։ Մյուս տարբերակը այն է, որ, ինչպես ես, ինչպես հայ բազմաթիվ կանայք, հակամարտության մյուս երկրի կանայք․․․ես չեմ ասում, որ դա կնպաստի, այսինք, որ միայն կանանց այս ուղերձը կօգնի, բայց դա շատ կարևոր և կշիռ ունեցող խոսք կլինի դադարեցնելու այս պրակտիկան և ի վերջո իսկապես նստելու բանակցությունների սեղանի շուրջ և բանակցային գործընթացի արդյունքում գտնելու լուծում», – ասաց առաջին տիկինը։
Նրա խոսքերով՝ արշավի նպատակն է կանխել ամեն հաջորդ զոհը և անընդհատ հիշեցնել, որ պատերազմի զոհերը ոչ թե վիճակագրություն են, այլ՝ «ռեալ կյանքեր», որոնց համար, ըստ Հակոբյանի, մենք իրավունք չունենք պատասխանատվություն չկրել։