ԱԱԾ-ն կարծում է, որ ԱԱԾ-ի հետ պարտադիր համագործակցությունը բխում է լրագրողների շահերից։
Նախօրեին կառույցի Սահմանապահ զորքերը հայտարարել էին, որ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը (գրավոր, այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով նախապես դիմել ԱԱԾ):
Որքանո՞վ է սա խոչընդոտում լրագրողի մասնագիտական գործունեությանը։ ԱԱԾ-ն վստահ է, որ չի խոչընդոտում, և այդ կապակցությամբ նոր հաղորդագրություն է տարածել։
«Նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով», – գրված է պարզաբանման մեջ։
Ուժային կառույցը հատուկ ընդգծել է՝ անգամ սրան նախորդող ժամանակահատվածում են եղել լրագրողների կողքին․ «Առանց նախնական տեղեկացման Սյունիքի մարզում գտնվող յուրաքանչյուր լրագրողի, շաբաթվա ցանկացած օրվա և ցանկացած ժամի դրությամբ, ԱԱԾ-ի կողմից ցուցաբերվել է պատշաճ աջակցություն՝ ապահովելով նաև ուղեկցություն ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից»:
Եվ եզրափակել է․ «Վստահաբար ընդգծելով, որ համապատասխան աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից՝ հարկ ենք համարում հորդորել զերծ մնալ անհարկի շահարկումներից»։