Home / Հայաստան / Փաշինյանը դիմել է Տաջիկստանի նախագահին

Փաշինյանը դիմել է Տաջիկստանի նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար, հաղորդում է երկրի ղեկավարի աշխատակազմը։

Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ Փաշինյանը հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական բախում թեև չի եղել, սահմանամերձ տարածքում բանակցություններ են ընթանում։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Փաշինյանի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս։ Երկու օր լռելուց հետո Բաքուն երեկ կոչ է արել հայկականկողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։

Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին։