Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները կասեցրել են կաթնամթերք արտադրող երկու արտադրամասերի գործունեությունը։
Մայիսի 17-ի հաղորդագրությունում նշված է, որ վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) և պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ ԽԱՔ ՍՊԸ-ում նաև 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանել օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն էլ չի ունեցել սանիտարական անձնագիր: Կասեցվել է երկու արտադրամասերի գործունեությունը, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: Այս մասին մայիսի 17-ին հայտնում է Սննդի տեսչությունը։