Հայաստանի ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Հաղորդագրության համաձայն՝ ստացած հրազենային վնասվածքներով Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է նրա կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔրՕրի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հաղորդել էին, որ Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է՝ ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով։
Սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում բանակում ոչ մարտական մահերի արդեն առնվազն 6-րդ դեպքն է։ Մահվան դեպքերից 4-ը քննվում են ինքնասպանության վարկածով։
Ապրիլի 20-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում: Մայիսի 5-ին հաղորդում էր ստացվել, որ նախորդ օրը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը։ Մայիսի 14-ին ՊՆ-ն հայտնել էր, որ նախորդ օրը ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն մայիսի 13-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել է տուն: Մայիսի 14-ին ընտանիքի անդամները նրան հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում: Մայիսի 21-ին էլ ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը մահացել է ավտովթարից։ Մայիսի 24-ին էլ ՊՆ-ին հայտնել էր, թե պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանի իրեն ամրակցված ԱԿՄ-ից կրակել է իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք։